Ընտրության ճանապարհը ժողովրդի դեմ փակել են. ելքը կարող է լինել ապստամբությունը. Լ.Զուրաբյան

Այն, ինչ իշխանությունները կատարեցին երկրում, ստրկացման գործընթաց է. «Ա1+»-ի հյուրասրահում նշեց ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: «Վեց տարի շարունակ հետապնդել են, ես մեր էլեկտորատի համար ասեմ, հետապնդել են մեր էլեկտորատին՝ ոմանց հեռացրել են ինստիտուտներից, սպառնացել են, փորձել են կաշառել: Մեր էլեկտորատի 70 տոկոսը արտագաղթել է»,- նշեց նա:

Զուրաբյանի խոսքով՝ ժողովուրդը փորձեց իշխանափոխություն իրականացնել ընտրությունների միջոցով, սակայն դա նրան չթույլատրվեց: «Ընտրության ճանապարհը ժողովրդի դեմ փակել են. և ժողովուրդը կարող է այլ ելք չունենա, քան՝ապստամբությունը, ինչը բնական է այս գազի թանկացման, սննդի թանկացման պայմաններում, երբ մարդիկ չգիտեն՝ իրենց երեխաներին ինչով կերակրեն»,- ասաց նա:

Այս պայմաններում, նրա դիտարկմամբ, քաղաքական ուժերի խնդիրն այդ ըմբոստությունն ուղղորդելն է, որ «այդ ապստամբությունը շատ գեշ ձևեր չունենա»: «Մենք մոտենում ենք մի կոլապսի վիճակի, երբ իշխանության համար այս վիճակը դառնում է անվերահսկելի, անկառավարելի, երբ նույնիսկ արտագաղթողների հոսքը չի կարող մեղմել ապստամբությունը: Դա, իհարկե, մեր կառավարության ծրագիրն է, ինչպես վարչապետն է ասել՝ թող արտագաղթեն, որ չապստամբեն»,- ասաց Զուրաբյանը:

Մեկնաբանել