Սպառողներին մոլորեցնելու համար տուգանվել են «Այ թի մաստեր»-ը և «Nout.am»-ը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր՝ հունիսի 18-ին, սպառողներին մոլորեցնելու համար տուգանվել են համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Այ թի մաստեր» և «Nout.am» ընկերությունները, հաղորդում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից:

Հանձնաժողովը ստացել է դժգոհություն մի շարք քաղաքացիներից այն մասին, որ «Այ թի մաստեր» և «Nout.am» ընկերությունները ակնհայտորեն խաբում և մոլորեցնում են սպառողներին: Խնդիրն այն է, որ նշված ընկերությունները գովազդում են այնպիսի ծառայություններ, որոնք չեմ մատուցվում: Մասնավորապես` «Nout.am» անվանումով համակարգչային տեխնիկայի խանութ-սրահի մուտքի մոտ փակցված է գովազդային վահանակ՝ «Ապառիկ տեղում միայն անձնագրով, 0% կանխավճար» բովանդակությամբ: Սակայն հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցմամբ պարզվել է, որ այն իրականությանը չի համապատասխանում:

Նույն կերպ էլ խնդիրը վերաբերում է «Այ թի մաստեր» ընկերությանը, որը ևս հաճախորդներին չի տրամադրում համակարգիչներ այն պայմաններով, ինչպիսիք ներկայացնում է գովազդում: Ընկերությունների նման վարքագիծը հանձնաժողովը որակել է որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում և կիրառել տուգանք՝ յուրաքանչյուրին նախորդ տարվա հասույթի 1%-ի չափով, ինչն օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափն է:

Ընկերությունները նախազգուշացվել են զերծ մնալ նման գործելաոճից և անհապաղ վերացնել խախտումը: