Կենսաթոշակների գործով մեղադրանք է առաջադրվել «Արաբկիր-2»-ի պատասխանատուին և երեք տեսուչներին

Կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել «Արաբկիր-2»‰ վճարային ծառայության` թվով 4 աշխատակիցների. տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի «Արաբկիր-2» ‰տարածքային բաժանմունքի պատասխանատու Գ.Թադևոսյանը, համաձայնության գալով նույն բաժանմունքի թվով 3 վճարող-տեսուչների հետ, յուրացման եղանակով հափշտակել է զգալի չափերի կենսաթոշակի գումարներ:
Մասնավորապես` Գ.Թադևոսյանի հանձնարարությամբ վճարող-տեսուչներ Ս.Սարհատյանը, Է.Ալեքսանյանը և Վ.Գրիգորյանը պարզել են տևական ժամանակ կենսաթոշակ չստացած և կենսաթոշակների վճարման ցուցակներում ընդգրկված, իրականում հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները:
Այնուհետև 2009 թ. մայիսից մինչև 2010թ. հունվարն ընկած ժամանակահատվածում վճարող-տեսուչներ Ս.Սարհատյանը, Է.Ալեքսանյանը և Վ.Գրիգորյանը, վճարային ցուցակներում կեղծելով այդ կենսաթոշակառուների ստորագրությունները, նրանց անվամբ անհիմն ելքագրել են իրենց վստահված կենսաթոշակի գումարները և Գ.Թադևոսյանի հետ խմբով յուրացման եղանակով հափշտակել խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Վ.Գրիգորյանին, Ս.Սարհատյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Է.Ալեքսանյանին` 179-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ 2011թ. մայիսին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը:

Մեկնաբանել