Պերուում չորսհազարամյա բուրգ են քանդել

Պերուի մայրաքաղաք Լիմայից ոչ հեռու վերացվել է 6-մետրանոց բուրգ, որը կառուցվել է մոտ չորս հազ. տարի առաջ, հաղորդում է BBC-ն: Բուրգի վերացման փաստով գործ է հարուցվել երկու շինարարական ընկերությունների հանդեպ:

Շինությունն ապամոնտաժվել է անցյալ հանգստյան օրերին ծանր տեխնիկայի կիրառմամբ: Շինարարները փորձել են քանդել մոտակայքում գտնվող ևս երեք հնագույն բուրգ, սակայն նրանց կանգնեցրել են տեղացիները: Պերուացի պաշտոնյաների խոսքով՝ քանդված շինությունը վերականգնել հնարավոր չէ:

Բուրգի գտնվելու տարածքում պեղումները ղեկավարող հնագետ Մարկո Գիլյենա Հուգոն ասել է, որ շինության վերացման համար պատասխանատու են Compañía y Promotora Provelanz E.I.R.L և Alisol S.A.C Ambas ընկերությունները:

Peru This Week պարբերականի հետ զրույցում հնագետն ասել է, որ ընկերություններն առաջին անգամ չէ, որ փորձում են վերացնել հնագույն կառույցները և պնդում են, որ տարածքն իրենց է պատկանում: Մինչդեռ Պերուի մշակույթի նախարարությունը հայտարարում է, որ վերացված բուրգի տարածքը պատկանում է պետությանը:

Շինարարական ընկերությունների կողմից քանդված բուրգը գտնվում էր Էլ Պարաիսո պատմական շրջանում: Այդտեղ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 12 բուրգ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 2-3-րդ հազարամյակներին: Էլ Պարաիսոյի բուրգերը համարվում են Հարավային և Հյուսիսային Ամերիկայի տարածքի հնագույն շինությունները:

Մեկնաբանել