Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու որոշման արձագանքները Ռուսաստանում

Հայաստանը Մաքսային միությանը միանալուց տնտեսական մեծ օգուտ չի ստանա: Այսպիսի տեսակետ է հայտնել Մոսկվայի «Կարնեգի» կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն: «Երևանի որոշումը Ռուսաստանի բացարձակ հաղթանակն է եվրասիական ինտեգրման իր նախագծի իրականացման հարցում, հատկապես ՝ Ուկրաինայի և Բելառուսի հետ հարաբերությունների ֆոնին», -ասել է Մալշենկոն ռուսական «Վեդոմոստի» պարբերականի հետ զրույցում: Նրա կարծիքով Հայաստանի որոշումը անսպասելի է՝ հաշվի առնելով նրա ռազմավարական գործակցությունը Ռուսաստանի հետ, Ղարաբաղյան հակամարտությունը: «Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելուց հետո տարածաշրջանում ստատուս քվոն չի փոխվի: Արևմուտքի կողմից Երևանի որոշման նկատմամբ քննադատություն կլինի, սակայն ոչ երկարատև»,- նշել է Մալաշենկոն:

ԱՊՀ ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը «Կոմերսանտին» ասել է, որ Մաքսային միությունը գործում է 2010-ից, և ներկայում նրա կազմում ընդամենը երեք երկիր են՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, ու միությունն աստիճանաբար սկսում է իրականացնել գործառույթներ, որոնք սկզբնապես սահմանված են եղել ԱՊՀ-ի համար: Նրա կարծիքով՝ Մաքսային միության դիրքերի ամրապնդումը առիթ չի տալիս խոսելու, որ ԱՊՀ-ն կորցնում է իր նշանակությունը:

«Տնտեսական ինտեգրացիոն նախաձեռնությունները առավել նեղ կամզակերպություններին են անցել, ինչպիսին օրինակ ԵվրԱզԷս-ն է: Ներկայում նրանից էստաֆետը վերցրել է Մաքսային միությունը, որը հետագայում կարող է դառնալ Եվրասիական միություն: Հազիվ թե կարելի է ասել, որ ԱՊՀ բոլոր երկրները կմիանան Մաքսային միությանը: Մի շարք երկրներ իրենք չեն ցանկանում միանալ Մաքսային միությանը, ինչպես օրինակ՝ Ուկրաինան, մի շարք երկրներ, ըստ Մաքսային միության անդամ երկրների, դեռ բավարար պատրաստ չեն միանալուն, ինչպես օրինակ՝ Տաջիկստանն ու Ղրղըզստանը», – ասել է ժարիխինը:

«Իզվեստիա» պարբերականը հիշեցնում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ նախկինում արած հայտարարությունները, որ «Հայաստանի մասնակցությունը Մաքսային միությանը աշխարհագրորեն անհնար է և անիմաստ, ինչպես նաև փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի վերջերս արած հայտարարությունը, որ Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում և ՀԱՊԿ-ի մասով համագործակցությունը պետք է համադրել դեպի Եվրոպական Միություն տնտեսական և քաղաքական կողմնորոշման հետ: «Կարելի է ենթադրել, որ որքան մոտենում էր Եվրամիության հետ համաձայնագրի ստորագումը, հայկական իսթեբլիշմենթի համար առավել պարզ էր դառնում, որ «եվրոպական հեռանկարը» երկրից զիջումներ է պահանջում, որոնք անհամատեղելի են իր քաղաքական գոյության հետ», – թերթին ասել է քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:

Մեկնաբանել