Պուտինին Խաղաղության նոբելյան մրցանակի են ներկայացրել

Կրթության համառուսաստանյան հիմնադրամի նախագահ Սերգեյ Կոմկովը Նոբելյան հանձնաժողով է ուղարկել նամակ՝ առաջարկելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը դիտարկել Խաղաղության մրցանակի համար, հաղորդում է ռուսական «Վզգլյադ» թերթը։

«Վլադիմիր Պուտինը գործնականում ցույց է տվել խաղաղության գործին իր հավատարմությունը։ Լինելով աշխարհի առաջատար երկրներից մեկի ղեկավարը՝ նա գործադրում է առավելագույն ջանքեր՝ պահպանելու խաղաղություն ու կայունություն ոչ միայն սեփական պետության տարածքում, այլև ակտիվ նպաստում է աշխարհում ծագող բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,- ասված է նամակում։

Կոմկովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը ճանաչված համաշխարհային առաջնորդ և հեղինակություն է, որի կարծիքի հետ հաշվի են նստում բոլոր երկրների, քաղաքացիական հանրությունների և քաղաքացիական ինստիտուտներիի ղեկավարները։

Խաղաղության նոբելյան մրցանակը միջազգային առավել հեղինակավոր մրցանակներից մեկն է, որը շնորհվում է նշանակալից գիտական հետազոտությունների, հեղափոխական գյուտերի կամ մշակույթում ու հանրության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար։

Ժամանակին Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր են դարձել Մարտին Լյութեր Քինգը, Անդրեյ Սախարովը, Մայր Թերեզան, Միխայիլ Գորբաչովը, Նելսոն Մանդելան, Բարաք Օբաման և այլք։

Մեկնաբանել