ԵԽ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված մշակութային միջոցառում` Թբիլիսիում

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակում Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և Հայաստանի Հանրապետության դեսպանության համատեղ ջանքերով սեպտեմբերի 12-ին Թբիլիսիում կազմակերպվել էր համերգային երեկո:

Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, միջոցառմանը մասնակցել են Վրաստանի կառավարության, դիվանագիտական համայնքի և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Թբիլիսիում ԵԽ գրասենյակի ղեկավար Կատերին Բոլոնեզեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ռատի Բրեգաձեն:

Միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի «Ոչ ատելության կոչերին» շարժման (No Hate Speech Movement) գործունեությանը, որի առնչությամբ դեսպան Հովհաննես Մանուկյանը մասնավորապես նշել է. «Մեր համատեղ խնդիրն է միահամուռ և հաստատակամ ոչ ասելը ատելությանը, անհանդուրժողականությանն ու խտրականությանը և բոլոր հնարավոր եղանակներով պայքարել այս երևույթները ծնող պատճառների և դրանց ցանկացած դրսևորումների դեմ»:

Իր խոսքում ՀՀ դեսպանն արձանագրել է նաև, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է Եվրոպայի խորհրդի հիմնական մարմինների, ինչպես նաև միջկառավարական համագործակցության փորձագիտական կոմիտեների աշխատանքներին և հանդես է գալիս կազմակերպության գործունեության և դերակատարության համար կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություններով:

Մեկնաբանել