Եվրապարտատոմսերը պետպարտքն ավելացրել են ևս 20%-ով

Եվրապարտատոմսերը Հայաստանի արտաքին պարտքի ներկայիս մակարդակն ավելացրել են 20%-ով՝ այն հասցնելով $4,346 մլրդ-ի։

Ֆինանսների նախարարությունում դեռևս չեն մանրամասնում, թե ինչ նպատակների պետք է ուղղվեն եվրապարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները։ Նախարարությունում ՍիվիլՆեթին ասացին, որ միջոցների ծախսման ուղղությունները պետք է հաստատի կառավարությունը, և դրանք արտացոլված կլինեն բյուջեի նախագծի ծախսային մասում։

Հարցին, թե ինչու տեղաբաշխվեց $700 մլն-ի պարտատոմս, եթե նախկինում նշվում էր $500 մլն-ը, նախարարությունում պարզաբանեցին, որ այդ ծավալը կառավարության կողմից հավանության արժանացած «Միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսերի թողարկման հայեցակարգում» նշվել է որպես նվազագույն շեմ, քանի որ միջազգային փորձը ցույց է տալիս՝ առաջին թողարկման համար որպես կանոն նվազագույն արդյունավետ ծավալը $500 մլն-ն է։

Հիշեցնենք, որ մայիս 16-ին այս հայեցակարգը հաստատելուց հետո Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե ներգրավված միջոցներով նախատեսվում է մարել 2009թ. ռուսական $500 մլն-ի վարկը։

Գործադրի նման ցանկությունը խնդրահարույց է այնքանով, որքանով եվրապարտատոմսերը տեղաբաշխվել են 6% եկամտաբերությամբ և 7 տարի մարման ժամկետով, իսկ ռուսական վարկը ներգրավվել է Libor+3% տոկոսադրույքով (6 ամսյա Libor-ը ներկայում կազմում է 0,66%) ու 15 տարի մարման ժամկետով։ Փաստացի, ռուսական վարկը մարվելու է երկու անգամ ավելի թանկ միջոցներով։

Թեև ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը եվրապարտոտոմսերի տեղաբաշխումը դիտարկում է որպես երկրի ֆինանսական աղբյուրների դիվերսիֆիկացում, իրականում այս թողարկումը խոսում է Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման խնդիրների մասին։

Այսպես, միայն տարվա ընթացքում արտաքին պետական պարտքի գծով նախատեսվում է սպասարկել $418,6 մլն, որից $354,2 մլն՝ հիմնական գումարի մարման գծով և $64,4 մլն՝ որպես տոկոսավճար։ Մյուս կողմից՝ տարվա ընթացքում ծրագրված է ներգրավել $479 մլն վարկային միջոցներ։ Օգոստոսի վերջի դրությամբ արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվել է $216,4 մլն (ծրագրված ցուցանիշի 52%-ը), միևնույն ժամանակ ներգրավվել է $165 մլն (ծրագրված ցուցանիշի 35%-ը)։