Արարատի ընտրությունների մեխանիզմը

Արարատի քաղաքապետի նոյեմբերի 10-ի ընտրությունների ընթացքն ու արդյունքները ցույց տվեցին, որ գործող իշխանություններին նրանց սահմանած խաղի կանոններով հաղթել հնարավոր չէ: Կանխատեսելի էր, որ ԲՀԿ-ի թեկնածուն ամեն գնով պարտվելու է իշխող կուսակցության ներկայացուցչին, քանի որ իշխանությունները Արարատում հենց այդպիսի սցենար էին նախապատրաստել: Դրանից հետո «հաղթանակը» կերտելը տեխնիկայի գործ է դառնում:

Չնչին տարբերություններով՝ Արարատում կրկնվեց այն, ինչ տեղի է ունենում յուրաքանչյուր ընտրության ժամանակ: Սերժ Սարգսյանի իշխանությունը յուրահատուկ կերպով է աշխատում մրցակիցների հետ: Ասենք՝ ընդդիմությանը հաղթելու համար ավելի շատ օգտագործվում է ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսը (2012թ. Հրազդանի քաղաքապետի ընտրություններ), իսկ ոչ իշխանական ԲՀԿ-ի դեմ օգտագործվում են իրավապահ մարմիններն ու ընտրացուցակների մանիպուլյացիաները:

Այս տարբերակումը խիստ պայմանական է, քանի որ յուրաքանչյուր ընտրության ժամանակ օգտագործվում է ընտրակեղծիքների նույն արսենալը, պարզապես արդյունավետությունից ելնելով՝ նախապատվություն է տրվում այս կամ այն գործիքին:

Արարատում գրեթե կրկնվեց 2008թ. Գյումրիի քաղաքապետի ընտրությունների սցենարը, երբ հանրապետական Վարդան Ղուկասյանը «պարտության» մատնեց ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին: Այս սցենարը գործադրվում է այն դեպքում, երբ ուժերը հավասար են՝ մարդկային և ֆինանսական ռեսուրսների տեսակետից: Որպես կանոն, ընտրություններից առաջ վերահսկելի լրատվամիջոցների կողմից տվյալ քաղաքում լարված իրավիճակի և մրցակից թիմերի միջև բախումների հնարավորության իմիտացիա է ստեղծվում: Այնուհետև այդ «լարվածությունը» և բախումնավտանգ իրավիճակը օգտագործվում է ընտրությունների օրը ոստիկանական զորքեր և հատուկ ջոկատայիններ մտցնելու համար՝ կարգուկանոն ապահովելու նպատակով: Սակայն իրականում հատուկջոկատայինները կամ այսպես կոչված «սպեցնազը» բոլորովին այլ դերակատարություն ունեն:

Նախընտրական շրջանում և ընդհուպ մինչև բուն քվեարկության օրվա երկրորդ կեսը իշխանությունը թույլատրում է, որ մրցակցող երկու կողմերն էլ հավասար աշխատեն: Սակայն այն պահից սկսած, երբ իրենց հայտնի մեթոդներով պարզում են, որ իշխանության հովանավորյալ թեկնածուն պարտություն է կրում, գործի է անցնում «սպեցնազը»: Վերջիններս պարալիզացնում են իշխանության թեկնածուի հետ մրցակցող, այս դեպքում՝ ԲՀԿ-ի, նախընտրական շտաբի աշխատանքները՝ շտաբի ղեկավար կազմի և ակտիվի հետ «զրույցներ» ունենալով, ոստիկանական բաժանմունք կանչելով և այլն: Հիմնականում հոգեբանական ճնշումը և քրեական հետապնդման ենթարկվելու վտանգը ստիպում է, որ կենտրոնական շտաբից տեղերում աշխատող ակտիվին ազդակներ հասնի, որ դադարեն վերահսկել ընտրությունների ընթացքը՝ ոստիկանության հետ անախորժություններից խուսափելու համար: Արդյունքնում իշխանության թեկնածուն ընտրատեղամասերում անարգել մարդկային լցոնումներ է կազմակերպում և ոչ միայն: Պատահական չէ, որ Արարատում քվեների հաշվարկի ժամանակ պարզվել է, որ վերջին ժամերին քվեարկածների ճնշող մեծամասնությունը «նախապատվությունը տվել» է ՀՀԿ-ի թեկնածուին: Իսկ ընտրությունների մասնակցության ցուցանիշը բավական բարձր է եղել՝ ավելի քան 67 տոկոս, ինչը ՏԻՄ ընտրությունների համար շատ կասկածելի ցուցանիշ է:

Սովորաբար, ընտրակեղծիքների միջոցով քվեների այնպիսի տարբերություն են գրանցում, որ մրցակիցը ընտրությունների արդյունքները բողոքարկելու ցանկություն չունենա: Օրինակ, 2008թ. Գյումրիի քաղաքապետի ընտրությունների պաշտոնական արդյունքներով՝ ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանն իր մրցակից, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանից 1/3-ով ավելի ձայն էր հավաքել: Արարատում իշխանությանը հաջողվել է գրանցել ընդամենը 300 ձայնի տարբերություն: Սա ցույց է տալիս, որ ՀՀԿ-ի և նրա թեկնածուի վարկանիշը պարզապես զրոյական է. ընտրակեղծիքների մեքենան ամբողջությամբ աշխատեցնելով՝ չնչին տարբերություն է գրանցվել:

Իշխանության այս սցենարը աշխատում է, քանի որ համոզվածություն կա, որ մրցակիցը իրավական և քաղաքական հարթությունում հակահարված չի տալու: ԲՀԿ-ն արդեն իսկ հայտարարել է, որ չի պատրաստվում բողոքարկել ընտրությունների արդյունքները, չնյած համարում է, որ դրանք կեղծված են:

Մեկնաբանել