Ինչո՞ւ Նոր տարին տոն չէ

Մոտենում է Նոր տարին: Տոն, որ մեզ հետ է, բայց ոչ մեր մեջ: Այսօր այն նույնքան քիչ վերաբերում է երեխաներին, որքան մեծահասակներին: Նոր տարուց կորել է նրա ծիսականությունը: Տարիներ առաջ, երբ դեռ ԽՍՀՄ-ը գոյություն ուներ, Գավառի մանկատանը Նոր տարին, ավելի ճիշտ, դեկտեմբերն ամենածիսական ամիսն էր: Յուրաքանչյուր օրվա երեխաները պատրաստվում էին հատուկ երկյուղածությամբ: Այս մանկատանը, որտեղ մեծացել եմ խորհրդային տարիներին, այդ ծիսականությունը կար նաև դաստիարակների և նույնիսկ տնտեսական աշխատողների հայացքներում: Նրանք այս կամ այն չափով լրացնում էին երեխաների սպասումները: Երեխաների հետ նկարում էին եղևնիներ, հարթում էին նրանց կռիվները. մի բան, որ տարվա մնացած ամիսներին ոչ մեկի գործը չէր:

Դեկտեմբերը տարվա միակ ամիսն էր, որում մանկատունը հաղթում էր ծնողին: Այսինքն, երեխայի մոր կամ հոր այցելությունը բացարձակապես ոչ մի խորհուրդ չուներ, մայրը գալիս էր, իր կոնֆետները տալիս երեխային ու գնում: Այդ այցն անակնկալ էր, երեխան չէր հասցրել պատրաստվել մոր գալուն: Դեկտեմբերը փոխարինում էր բոլոր սպասումներին, որդիական և աղջկական բոլոր չունեցած սերերին, տարվա ընթացքում մայրիկներին և մյուս հարազատներին գրված բոլոր նամակներին, որոնցում սպասում և հույս կար: Դեկտեմբերը կտրում էր ցանկացած սեր և սպասում: Դեկտեմբերը մանկատան տրիումֆն էր, եթե նույնիսկ ճաշարանային սննդակարգի մեջ տոնական ոչինչ չկար: Ինչպե՞ս էր այդ մանկատանը դա հաջողվել: Տվյալ դեպքում տեղին է պնդել, որ առանց ծիսականության` ոչ մեկին ոչինչ չէր հաջողվի: Ամեն ինչ սկսվում է «վերջնահաշվից», այսինքն, տոպրակներ բաժանելուց: Տոպրակների մեջ արտառոց ոչինչ չկար (կրկնում եմ, խոսքը խորհրդային տարիների մասին է): Մանդարին, մի քանի էժան շոկոլադ, մի քանի «ծծովի» կոնֆետ, թխվածքաբլիթ` պեչենի, խնձոր տանձ և… վերջ: Բայց հենց այս տոպրակն էլ կազմակերպում էր տարվա գլխավոր ամսվա` դեկտեմբերի ծիսականությունը:

Դեկտեմբերի 1-ին մանկատան գրադարանի վարիչն ընտրում էր դիմակահանդեսի մասնակիցներին, 2-ին կամ 3-ին ստանում էին թղթե տոպրակները: Մանկատան երեխաները ամբողջ դեկտեմբերն անցկացնում էին մանկատան սննդի պահեստի մոտ, դպրոց էին գնում` ըստ Նոր տարվա, դասերը սովորում էին` ըստ Նոր տարվա, կռվում էին` ըստ Նոր տարվա: Այս կռիվ առանձին թեմա է, երեխաները տարվա մնացած օրերին կռվելիս խռովում էին միմյանցից: Խռովում էին, որովհետև ամբողջ ընթացքում միմյանց աչքի առաջ էին, իրարից փախչելու տեղ չունեին և հաշտության համար յուրաքանչյուրը մենակ մնալու և մյուսի կարիքն զգալու ժամանակ չուներ:

Դեկտեմբերին ոչ մի ծեծկռտուք ճակատագրական ավարտ չէր ունենում, այսինքն, բանը միմյանցից խռովելուն չէր հասնում: Նույնիսկ խռովելը, այսինքն, ամիսներով իրար հետ ոչ մի բառ չփոխանակելը դեկտեմբերին դադարեցվում էր, դա մորատորիումների ամիս էր: Երեխաները կռվում էին զգուշորեն, առանց չափազանցության զգուշորեն ծեծկվում էին, այսինքն, ամեն ինչ անում էին, որ միմյանց հասցված «վերքը» խոր չլինի: Ինչո՞ւ: Որպեսզի միմյանց տոպրակների վրա գրազ գալու առիթը չկորցնեին: Մանկատան պահեստը, դպրոցը և դասապատրաստումը Նոր տարվա ծիսականության գլխավոր հենարաններն էին, խաղերը բացարձակապես հետաքրքիր չէին այն դեպքում, երբ տարվա մնացած ամիսներին դասապատրաստումները զիջում էին խաղերի ժամերին: Մանկատան ցանկացած երեխա անգիր սովորում էր Նոր տարվան նվիրված ցանկացած ոտանավոր, նկարում եղևնի, մատիտ բռնելը դեկտեմբերյան արարողություն էր, տարվա մնացած ամիսներին մատիտները պարապ էին: Դաստիարակները կարողանում էին ազդել երեխաների վրա` ըստ Նոր տարվա. «Խելոք մնա, թե չէ տոպրակդ չես ստանա»:

Ծիսականությունը խորանում էր դեկտեմբերի 13-ին, երբ մանկատուն էր մտնում մանդարինը: Այդ օրվանից բոլոր երեխաները հրեշտակներ էին, բոլոր վիրավորանքները մոռացվում էին, միմյանց ծեծելու բոլոր առիթները թողնվում էին հունվարի 2-ից հետո: Մանկությունն իր բոլոր իրավունքներով և հմայքով մտնում էր մանկատուն: Դա հրեշտակաց տուն էր, ոչ թե մանկատուն: Պատկերացրեք, 150-200 երեխա ոչ մի վատ բան չունի ասելու իր դիմացինին, դադարեցվում էին բոլոր գողությունները, դաստիարակներն ավելի շատ ինքնուրույնություն էին տալիս երեխաներին՝ իմանալով, որ նրանք խնդիրներ չեն առաջացնի: Գավառի մանկատունը դառնում էր իր իսկ երազանքների մանկատունը: Դեկտեմբերի 25-ից աճում էին հեռուստացույցի առջև նստելու ժամերը: Փոխարենը մանկատան ամենաանշան արարողությունը դեկտեմբերի 30-ն էր, երբ մոտակա անտառից բերում էին տոնածառը, մի սովորական սոճի: Երեխաները բացարձակապես չէին նկատում տոնածառի մուտքը: Ինչո՞ւ: Որովհետև այն ուտել հնարավոր չէր: Նոր տարին, հասկանալի է արդեն, իր ամբողջ դեկտեմբերով տոպրակների «կուտակման» արարողություն էր:

Նույնքան աննկատ էր անցնում դեկտեմբերի 31-ի գիշերը: Երեխաներն իրավունք չունեին այդ օրը արթուն մնալու: Նրանց համար ժամը 12-ը սկսվում էր հունվարի 1-ի առավոտյան ժամը 8-ին արթնանալուց հետո: Եվ բոլորը միմյանց ավետում էին՝ վեր կաց, Նոր տարին եկել է: Փոխարենը դեկտեմբերի 31-ը ամբողջ ամսվա ծիսականության պոռթկումն էր, այդ օրը դաստիարակները անուշեղենով պետք է լցնեին տոպրակները մանկատան հաշվապահությունում: Բոլորս վազում էինք հաշվապահություն և քթներս մոտեցնում դռանը, որտեղից բուրում էր «դրախտը»: Նույնիսկ ենթադրում էինք, թե տվյալ րոպեին ինչն են դնում տոպրակի մեջ: Հունվարի 1-ին տեղի էր ունենում դիմակահանդեսը, որից հետո՝ տոպրակների բաժանման արարողությունը: Այդ պահից մանկությունը դառնում էր մրցավազք՝ ում տոպրակն ուշ կվերջանա:

Այս ամենը պատմեցի, որպեսզի ասեմ, թե ինչու այսօր Նոր տարին մեծահասակների համար տոն չէ: Որովհետև իրենք վկա են այն տանջանքների, որոնցով «զգեստավորում» են իրենց Ամանորը: Նրանք պարտքեր են անում, երեխաներին մերժում այս կամ այն խաղալիքը: Այսօր Նոր տարվա մեջ ծիսականություն չկա, տանտիկինը տքնում է երեխայի և ամուսնու առաջ, նաև փնթփնթում է: Ամանորը տոն է, երբ սպասումն անձնական ջանքերով չի լրացվում, այսինքն, երբ քո աշխատանքը ծառայեցվում է վայելելուն, որում տքնանք չկա: Միմյանց տներ այցելելը այդ վայելքի մասն է, դու ոչ մի ջանք չես գործադրել ուրիշի տան ճոխությունը կազմակերպելու համար, գնում ես ու վայելու: Գնում ես լսելու նրան, եթե իհարկե նա չի պատմում, թե ինչ մեծ պարտքերի և տանջանքների գնով է ճարել փողը, որով սեղան է դրել: Նոր տարին տոն կդառնա, եթե այն մարդու գլխին «ընկնի վերևից», այսինքն, սեղան դնելը տառապանք չդառնա, երեխայի համար նվեր ձեռք բերելը նույնքան տաժանակիր չլինի: Մանկատան երեխան տոպրակից բացի նվերի ուրիշ ակնկալիք չուներ և ամբողջ դեկտեմբերին երջանիկ էր մեկ տոպրակի սպասումով, թեպետ նա չգիտեր, թե պետության վրա ինչ է նստում այդ խիստ համեստագույն տոպրակը, որն այսօր մուրացկանն էլ կարող է իր համար ապահովել այս կամ այն աղքատի դուռը ծեծելով:

Մեկնաբանել