Վախճանվել է Արամ Ղարաբեկյանը

Photo: asbarez.com

Հունվարի 11-ին Միացյալ Նահանգներում վախճանվել է անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը:

Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955թ. հուլիսի 7-ին Թեհրանում: Սովորել է Բոստոնի New England կոնսերվատորիայում, ապա ուսումը շարունակել է Գերմանիայի Մայնց քաղաքում: Դիրիժորական արվեստ սովորել է Ֆրանկո Ֆերարայի մոտ:

1979թ. Գերմանիայում եղել է հանրահայտ Ս.Չելիբիդակեի աշակերտը: Սովորել է նաև Ջ.Դրուգմանի և Լ.Բերնշտայնի մոտ: Եղել է Հայաստանի պետական Կամերային նվագախմբի ղեկավարն ու դիրիժորը: 1983թ. հիմնել է Բոստոնի «Սինֆոնովա» նվագախումբը, որը ղեկավարել է մինչ 1991թ.:

Արամ Ղարաբեկյանը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ էր, ՀՀ նախագահի կողմից արժանացել էր «Մովսես Խորենացի» մեդալի՝ արվեստում ունեցած ներդրումների համար: Նա նաև Լուսիեն Վուլսինի ներկայացման, Կոմպոզիտորների հեղինակային իրավունքները պաշտպանող ամերիկյան ընկերակցության, Հարվարդի երաժշտական ընկերակցության լավագույն ներկայացման մրցանակների դափնեկիր էր:

Մինչև 2009-ը՝ Ղարաբեկյանը տասներկու տարի գլխավորում էր Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Որպես նվագախմբի գեղարվեստական ղեկավար՝ նա մի շարք աննախադեպ համերգներ է բեմադրել Հայաստանի պատմամշակութային հուշարձանների հարևանությամբ՝ Գառնիում, Շուշիում, Զվարթնոցում:

Մեկնաբանել