Կառավարությունը դատարկում է պետական գանձարանը

Մինչև 2015թ. տարեվերջ կառավարությունը մտադիր է վաճառել 67,3 կգ ոսկյա և 43,7 կգ արծաթյա իրեր, 872,9 կարատ ադամանդ, 762 կարատ ալմաստ:

Կառավարությունը կրկին հիշել է պետական գանձարանում պահվող թանկարժեք մետաղների և քարերի մասին և պատրաստվում է մեկ անգամ ևս դրանք վաճառքի հանել։ Մինչև 2015թ. տարեվերջ գործադիրը մտադիր է վաճառել 67,3 կգ ոսկյա և 43,7 կգ արծաթյա իրեր, 872,9 կարատ ադամանդ, 762 կարատ ալմաստ։

Կառավարությունն դեռ 2012թ. որոշում էր ընդունել մինչև 2013թ. վերջը վաճառել պետական գանձարանում պահվող թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը. դրանք, սակայն, այդպես էլ վաճառքի չհանվեցին։ Այս տարի գործադիրը կրկին հիշել է այս ծրագրի մասին։

Կառավարության հունվարի 23-ի նիստի օրակարգում ֆինանսների նախարարությունը ներկայացրել է որոշման մի նախագիծ, որով առաջարկվում է «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում առկա թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների վաճառքի վերջնաժամկետ սահմանել 2015թ. դեկտեմբերը։

Որոշման նախագծում ֆինանսների նախարարությունը նշել է, որ պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերից և պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներից բացի, մնացած արժեքների պահպանումը ոչ արդյունավետ և աննպատակահարմար է։

Թեև նախարարությունը նշել է, որ նախագծի նպատակը պետական պահուստների ձևավորման, համալրման, ծախսման ապահովումը և կառավարման համակարգի բարելավումն է, իսկ վաճառքից ստացված միջոցներով՝ միջազգային ստանդարտներին համապատասխան ձուլակտորների ձեռքբերումը, այնուհանդերձ, պահուստների փաստացի վաճառքը վկայում է կառավարության ֆինանսական միջոցների սղության մասին։

Հստակ չէ, թե ինչ կարիք կա, օրինակ՝ վաճառել ոսկյա իրերը, փոխարենը ձեռքբերել ոսկյա ձուլակտորներ և վաճառքի ու ձեռքբերման գների տարբերության հաշվին կորցնել միջոցներ։

Նախորդ որոշման համաձայն՝ պահուստները պետք է վաճառվեին դեռ 2012-2013 թթ., սակայն չեն վաճառվել, ինչը ֆինանսների նախարարությունը պատճառաբանում է միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների նվազմամբ։

2012թ. սեպտեմբերից թանկարժեք մետաղների գներն իրոք նվազման միտում են ունեցել, սակայն տրենդը պահպանվում է նաև ներկայում։ Պարզ չէ, թե ինչու կառավարությունը պահուստները չվաճառեց 2012-ին կամ 2013-ին, երբ ոսկու մեկ տրոյական ունցիայի (31,1 գրամ) գինը տատանվում էր $1,75-$1,22 հազարի միջակայքում, պլատինի գինը՝ $1,67-$1,37 հազարի։ Այս տարի ոսկու և պլատինի գները թեև մի փոքր աճել են և կազմում են համապատասխանաբար՝ $1,24 հազ. և $1,45 հազ., այդուհանդերձ, դրանք նույն մակարդակներում են, ինչ 2013թ.-ի նոյեմբերին։

Կառավարության 2012թ. որոշումից երևում է, որ մինչև 2015թ. վերջը վաճառքի ենթակա են 67,3 կգ ոսկյա և 43,7 կգ արծաթյա իրեր, 872,9 կարատ թանկարժեք քարեր (ադամանդ, ադամանդի հումք), 762 կարատ ալմաստ և հումք, 256 կարատ զմրուխտ, 417 կարատ կիսաթանկարժեք քարեր, 102,8 կգ աճեցված (կուլտիվացված) մարգարիտ։

Ի դեպ, կառավարության ներկայիս ղեկավար Տիգրան Սարգսյանը, Կենտրոնական բանկի նախագահության տարիներին՝ 2003թ. վաճառեց Հայաստանի միջազգային պահուստներում առկա մոտ 1,4 տոննա ոսկին։ Այդ ժամանակ տրոյական մեկ ունցիայի գինը կազմում էր $400։

Մեկնաբանել