Յացենյուկը Օդեսայի դեպքերի մեջ մեղադրում է հատուկ ծառայություններին

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Օդեսայի անվտանգության ուժերը ոչինչ չեն արել՝ մայիսի 2-ին 46 մարդու մահը կանխելու համար:

Յացենյուկը BBC-ի թղթակցին հայտնել է, որ ամբողջական անկախ հետաքննություն կանցկացվի: Նրա խոսքով՝ անձամբ իր կարծիքով կատարվածի մեջ մեղավոր են Օդեսայի անվտանգության ուժերը և արդեն պաշտոնից ազատել է քաղաքի ՆԳՆ վարչության ղեկավարին:

Յացենյուկը նաև ընդգծել է, որ Օդեսայի անկարգությունները հրահրել են ռուսամետ անջատողականները, բայց հետևանքները աղետալի են դարձել:

Օդեսայի Հունական փողոցում մայիսի 2-ին զանգվածային և արյունալի բախումներ են տեղի ունեցել ուկրաինամետ և ռուսամետ ակտիվիստների միջև, որի հետևանքով մի քանի մարդ է զոհվել: Այնուհետև միասնական Ուկրաինայի կողմնակիցները այրել են Արհմիությունների տունը, որտեղ նրանց հակառակորդների ճամբարն էր: Բռնկված հրդեհը ևս բազմաթիվ կյանքեր է խլել: Ըստ նախնական տվյալների՝ մայիսի 2-ի դեպքերի հետևանքով 46 մարդ է զոհվել, տուժել են ավելի քան 200-ը: Ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 130 մարդու: