Հայ դատի խումբն արձագանքել է Ուորլիքին

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Միացյալ Նահանգների քաղաքական դիրքորոշումը ներկայացնող հայտարարությանը:

Արամ Համբարյանի հայտարարությունում մասնավորապես ասված է. «Ջեյմս Ուորլիքի այսօրվա ծրագիրը քիչ նոր բան է առաջարկում: Ներկայացվող շրջանակը ո´չ բարոյապես է ընդունելի, ո´չ էլ գործնականորեն է կայուն:

Թեև մենք ողջունում ենք հիմնարար մակարդակում կարգավիճակի հարցին ցուցաբերված ուշադրությունը, այս ծրագիրը շատ հեռու է ժողովրդավարական ինքնորոշման ամերիկյան իդեալից, մի հարատև սկզբունք, որի վրա հիմնված է մեր երկիրը և որի վրա վերջին կես դարում ստեղծվել են ավելի քան հարյուր պետություններ։

Օգտագործելով խորապես սադրող և ակնհայտորեն ոչ ճիշտ «շրջափակում» տերմինը` առաջարկված շրջանակը կրկին կոչ է անում Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին` Բաքվի ագրեսիայի պատերազմի զոհերին, ռազմավարական անվտանգության ուղղակի զիջումների գնալու` խիստ ռազմատենչ Ադրբեջանի՝ դյուրությամբ փոփոխվող խոստումներին ի պատասխան:

Մենք լիահույս ենք մնում ԵԱՀԿ միջնորդությամբ խաղաղ կարգավորման հիմնական հեռանկարի հարցում, բայց հիասթափված ենք այս կոնկրետ առաջարկում կարգավիճակի և անվտանգության վերաբերյալ անհամաչափության համար: Որպես շահառու կողմ՝ մենք ակնկալում ենք, որ միջնորդական ներգրավվածությունը կլինի ավելի հավասարակշռված, ընդգրկուն և ժողովրդավարական շրջանակում՝ հանուն անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագայի:

Բաքվի արգելքի հարցը` Լեռնային Ղարաբաղի ամբողջական և ուղղակի մասնակցությանը խաղաղ բանակցություններին, իհարկե, պետք է լինի ԵԱՀԿ օրակարգում առաջնային հարցերից մեկը»:

Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության շուրջ ԱՄՆ քաղաքական դիրքորոշումը: Ուորլիքի՝ «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման ուղիներ» վերնագրով հայտարարությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: