Արցախյան միասնականություն` ընդդեմ համերաշխության

Վերջին տարիներին Արցախի քաղաքական դաշտում ամենաշատ լսվող բառը միասնականությունն է: Քաղաքական ուժերն ու տարբեր դերակատարներ իշխանության հետ գործարքի գնալու իրենց քայլերն արդարացնում են Արցախի միասնականությունը պահպանելու անհրաժեշտությամբ, հանդես գալիս սրտառուչ ճառերով և կարգախոսներով: 2007թ. նախագահի թեկնածու Բակո Սահակյանի կարգախոսն էր «Միասին հանուն Արցախի»: Ու բնակաբար այլընտրանքային թեկնածուն քննադատվեց «ազգի միասնականությունը խաթարելու համար»: 2012թ. նախագահական ընտրությունների ընթացքում էլ փորձ արվեց պահպանել «միասնականությունը», սակայն ժողովրդի մի ստվար մաս չհավատաց կարգախոսներին: Միասնականության սլոգաններով իշխանության եկածները միասնականացրին տնտեսության տարբեր ոլորտները, բնականաբար սեփական հսկողության տակ, փորձեցին ջնջել ամեն այլընտրանք և ընդդիմություն՝ ցույց տալով աշխարհին, որ այս ամենի բացակայությունն Արցախում աննախադեպ միասնականության և իմաստուն իշխանությունների վարած քաղաքականության արդյունք է: Որպես հետևանք, 2010թ. խորհրդարանական ընտրություններից հետո, որին մասնակցեցին բացառապես իշխանամետ ուժեր, աշխարհն արձանագրեց, որ Արցախն իր կիսաժողովրդավարական բնույթից վերածվել է անազատ երկրի: Նման զեկույցներ պատրաստած միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն Արցախի իշխանությունների կողմից որակվեց որպես անլուրջ:

Միասնականության մասին բարձրաձայնողների հիմնական փաստարկն այն էր, որ պատերազմում հաղթել ենք, որովհետև եղել ենք միասնական: Ու այս միասնականի տակ հասկանում էին միանման ու նույնական: Այնինչ պատերազմի ժամանակ մենք եղել ենք ոչ միայն միանման ու նույնական, այլև՝ համերաշխ: Արցախում քաղաքական մրցակցության ամենաթեժ ժամանակաշրջանը հենց պատերազմի շրջանն էր, երբ մրցակցությունը տարբեր խմբավորումների միջև բավականին մեծ էր: Սրանով հանդերձ, կային խաղի հստակ կանոններ, կար արդարության մթնոլորտ, որը թույլ էր տալիս արցախյան հասարակության տարբեր շերտերին գոյատևել ու գործել համերաշխության մթնոլորտում:

Տարիներ հետո այդ խաղի կանոնները նորմատիվ տեսք ստացան Սահմանադրության և նոր օրենքների տեսքով: Այս նորմերն են այսօր մեր կյանքը կազմակերպելու, իրար հետ փոխհարաբերվելու հիմքերը: Արցախյան հասարակության երբեմնի համերաշխությունը, երկրում առկա արդարության մթնոլորտը հնարավոր է վերականգնել միայն այս նորմերի հարգմամբ: Միասնականության մասին ճառելով և այդ նորմերն ամեն օր ոտնահարելով՝ «միասնական» ուժերն ամեն օր թուլացնում են արցախյան հասարակությունը, այն վերածում օբյեկտի: Տնտեսության կենտրոնացումը մի քանի հոգու ձեռքում, համայնքների աղքատացումն ու աննախադեպ կախվածությունն իշխանությունից, հնարավոր քաղաքական, տնտեսական և այլ այլընտրանքի վերացման փորձերը միայն մի նպատակ ունեն՝ ապահովել իշխանության կողմից հասարակության բացարձակ վերահսկողություն և ռեսուրսների կոնտրոնացում մեկ տեղում:

Հետաքրքիր է, որ միասնականության մասին ճառերով են ձևավորվել բոլոր հետադիմական ռեժիմները, որոնք այս գաղափարի շահարկման տակ ոչնչացրել են այլակարծությունն ու զարգացման այլընտրանքները: Արցախի իշխանություններն ընտրել են հենց այս ուղին: Արցախյան հասարակությունը պետք է մեծ ջանքեր գործադրի բացառելու նմանատիպ զարգացումը, ստեղծելու երկրի արագ ու կայուն զարգացման միջավայր, վերահսկելու իշխանություններին, ապահովելու ռեսուրսների արդար բաշխումը հասարակության բոլոր շերտերի միջև:

Մեկնաբանել