Ադրբեջանում հարցեր են ուղղում բանակի ղեկավարությանը

Ադրբեջանական ընդդիմադիր Haqqin.az կայքը շփման գծում ադրբեջանցի զինծառայողների զոհվելու հետ կապված խիստ քննադատության է ենթարկում բանակի ու երկրի ղեկավարությանը:

«Ադրբեջանի հասարակությունը նորաթուխ նախարարից ողջամիտ բացատրություն է ակնկալում ողբերգության համար, որի հետևանքով, ըստ տեղական զանգվածային լրատվամիջոցների, մահացել է 11, իսկ ըստ հայկական լրատվամիջոցների՝ 14 զինծառայող»,- գրում է կայքը՝ ընդգծելով, որ փաստացի կես դասակ զինվոր է զոհվել, իսկ պաշտպանության նախարարությունը փորձում է քաղաքացիների, զինծառայողների ծնողների ու ամբողջ երկրի համբերությունը:

«Նրանք մահացել են թշնամական զորքերի հարձակման արդյունքո՞ւմ, թե՞ պատերազմի դաշտում հարձակման ժամանակ: Ովքե՞ր են այդ զինվորները՝ զինծառայողնե՞ր, թե՞ հետախույզներ, մոտոհրաձգային գումարտակի զինվորնե՞ր, թե՞ պայմանագրայիններ: Եվ ո՞վ է նրանց ուղարկել թշնամու կողմը: Ինչի՞ համար: Արդյոք նրանք իրականում զինվա՞ծ են եղել հատուկ միջոցներով ու իսրայելական արտադրության զենքով, թե՞ հայկական կայքերում հայտնված լուսանկարները հակառակորդի հորինածն են:

Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է պատասխանել հարցերին: Դա վկայում է այն մասին, որ նորաթուխ նախարարը ասելու որևէ բան չունի, որևէ կերպ չի կարող պատասխանել պարզ հարցերին: Դատելով ամեն ինչից՝ հարձակվել են մեր զինվորները, և հակառակորդը նրանց դիմավորել է փոխհրաձգությամբ: Ռազմական գործից քիչ թե շատ հասկացող մարդը, անգամ չտիրապետելով ռազմական խոր գիտելիքների, տեղյակ է, որ հարձակվող կողմն ավելի մեծ թվով կորուստներ է կրում: Երեկ հայտնի է դարձել երկու հայ զինվորի մահվան մասին: Այսօր տեղեկացրել են ադրբեջանական դասակի գրեթե կեսի մահվան մասին: Մի՞թե երկու հայ «Ռեմբո» կարողացել է ադրբեջանական ամբողջ ստորաբաժանման հախից գալ: Հավատալի չէ, այդպես չի լինում՝ և ոչ թե նրա համար, որ Հայաստանում «Ռեմբո» չկա: Դատելով ոչ պաշտոնական տեղեկատվությունից՝ զինվորները մահացել են ոչ թե նռնականետերի բեկորներից, այլ հակառակորդի գնդակներից: Այսինքն՝ մեր զինվորները դիվերսիայի կամ հակառակորդի իրականացրած պայթյունի զոհ չեն, ո՛չ, անհայտություն ուղարկված անփորձ զինվորները պարզապես գնդակահարվել են»,- գրում է Haqqin.az-ը:

Նույն կայքը մեկ այլ նյութում գրում է, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ալպեր Ջոշղունը Twitter-ի իր էջում ցավակցություն է հայտնել դեպքի առնչությամբ: «Տեղեկատվություն է ստացվում շփման գծում ադրբեջանցի մեր եղբայրների մահվան մասին: Ես ցավակցում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին»,- գրել է դիվանագետը:

Կայքը պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին մեղադրում է «1994-ի զինադադարից հետո ադրբեջանական բանակի կրած ամենամեծ կորուստների մեջ»՝ նշելով, որ ադրբեջանական հեռուստաալիքները իրենց ծրագրերում որևէ փոփոխություն չեն մտցրել և շարունակում են եթերը «երգ ու պարով»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը ութ զոհ և չորս վիրավոր է ունեցել՝ «հայկական դիվերսիոն-հետախուզական հարձակումը կանխելու արդյունքում»: Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարել է նաև վիրավորված զինածառայողներից մեկի՝ հիվանդանոցում մահանալու մասին: Հուլիսի 31-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական դիվերսիայի փորձը կանխելիս հայկական կողմը երկու զոհ է ունեցել, իսկ հակառակորդը բազմաթիվ զոհեր տալով՝ հետ է մղվել։

Ադրբեջանը հերքում էր հուլիսի 31-ին իրականացրած դիվերսիոն հարձակումը: Ի պատասխան այդ հերքման՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ադրբեջանական դիվերսիոն խմբից առգրաված իրեղեն ապացույցներ:

Մեկնաբանել