Սերժ Սարգսյանը ժամանակ է ձգում

derenik serzhՍահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հոկտեմբերի 15-ին գործող նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Սպասվում էր, որ շատ կարճ ժամանակահատվածում Սերժ Սարգսյանն իր դիրքորոշումը կհայտնի ներկայացված հայեցակարգի շուրջ։

Առանձնապես շատ ժամանակ պետք չէ քաղաքական ուժերի հետ խորհրդակցելու ու նրանց դիրքորշոշումները ճշտելու համար: Վերջին մեկ տարվա ընթացքում հիմնական, ծանրակշիռ խաղացողները հայտնել են իրենց դիրքորոշումը: Այս առումով ՀՀԿ առաջնորդը մարգինալ վիճակում է: Սահմանադրությունը փոխելու նրա նախաձեռնությունը խորհրդարանում ներկայացված ուժերից կիսատ-պռատ պաշտպանում է միայն ՀՅԴ-ն:

Մնացած ուժերը ոչ միայն դեմ են փոփոխություններին, այլև հստակ հայտարարում են, որ ամեն ինչ անելու են դրանք ձախողելու համար, ինչը կարող է հանգեցնել Սերժ Սարգսյանի իշխանազրկմանը: Ավելին, այս նույն ժամանակահատվածում Ազատության հրապարակում ընդդիմադիր եռյակը հանրահավաքային պայքար է սկսել իշխանությունների դեմ, որտեղ հնչող հիմնական պահանջներից մեկն է կասեցնել սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Քաղաքական սրված իրավիճակում և ուժերի այսպիսի դասավորվածության պայմաններում Սարգսյանի կողմից սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին դրական եզրակացություն տալը հավասար է հրաժարական ներկայացնելուն: Իսկ բացասական եզրակացությունը կարող է հանգեցնել իշխանական բուրգի տրոհմանն ու այդ բուրգում վերահսկողության բացարձակ կորստին, քանզի բուրգը թույլ, քաղաքական իրավիճակի վրա ազդեցություն և քաղաքական հեռանկար չունեցող առաջնորդ չի հանդուրժում։

Սերժ Սարգսյանն ընտրեց չարյաց փոքրագույնը. հոկտեմբերի 17-ին գործող նախագահի խոսնակ Արման Սաղաթելյանը տեղեկացրեց, որ հայեցակարգի վերաբերյալ նախագահի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի 2015թ. փետրվար-մարտ ամիսների ընթացքում:

Այսպիսով, մի կողմից տեղի տալով ընդդիմադիր եռյակի ճնշումներին՝ Սերժ Սարգսյանը հետաձգեց դիրքորոշման հրապարակումը: Մյուս կողմից, ժամանակ ձգելով՝ նա փորձ է անում կոտրել եռյակի բարձրացրած հակաիշխանական ալիքը:

Ընդդիմադիր եռյակի ռազմավարական կոպիտ սխալը կլինի հակաիշխանական պայքարի անգամ չնչին թուլացումը: Սերժ Սարգսյանը բացահայտ ցույց է տալիս, որ քամու աննշան տատանումն անգամ կարող է իրեն հեռացնել Բաղրամյան 26-ից: ՀՀԿ առաջնորդը շարունակում է մնալ նախագահի աթոռին բացառապես այն պատճառով, որ իրեն հեռացնելու ցանկություն ունեցողները համապատասխան վճռականություն դեռ չեն ցուցաբերել:

Սերժ Սարգսյանը մի անգամ արդեն օգտվել է ժամանակ ձգելու մարտավարությունից, երբ ապրիլին զոհաբերեց վարչապետ Տիգրան Սարգսյանին այն պատճառով, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն հայտարարեցին կառավարության դեմ համատեղ հանրահավաք անելու մասին:

Հաշվի առնելով փորձը՝ ընդդիմությունը կհաջողի միայն ամեն օր ճնշումը Սարգսյանի վրա ավելացնելով և հակաիշխանական ալիքը մեծացնելով։

Մեկնաբանել