ԲՀԿ խոսնակն արձագանքել է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը

«Քաղաքական ուժերից յուրաքանչյուրի իրավունքն է ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային և հրապարակային միջոցառում». Տիգրան Ուրիխանյան: «Քաղաքական ուժերից յուրաքանչյուրի իրավունքն է ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային և հրապարակային միջոցառում». Տիգրան Ուրիխանյան:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հաղորդագրություն է տարածել` մեկնաբանելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նոյեմբերի 21-ին հրավիրված ասուլիսում հայտարարել էր, թե եռյակի օրակարգը միասնական չէ, և «Ժառանգությունը» առանձին հավաքների շարք է սկսում:

«Մենք հարգանքով ենք վերաբերվում մեր քաղաքական գործընկերոջ տեսակետներին և բարձրացրած հարցերին: Մենք վերահաստատում ենք մեր տեսակետը, որ քաղաքական ուժերից յուրաքանչյուրի իրավունքն է ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային և հրապարակային միջոցառում»,- ասել է Տիգրան Ուրիխանյանը:

Նա ընդգծել է, որ «Բարգավաճ Հայաստանը» լիարժեք տիրապետում է երկրում առկա դժգոհությունների ամբողջ ծավալին: Ուրիխանյանի խոսքով` ԲՀԿ-ն առաջ է շարժվում «սառը հաշվարկված, գրագետ քայլերի ճանապարհային քարտեզով», որի հիմնական նպատակը երկրում արմատական և անշրջելի փոփոխությունների իրականացումն է:

«Ամբողջ երկրով մեկ բացվող համաժողովրդական շարժման գրասենյակները նպատակ ունեն հզորացնելու շարժման ռեսուրսները, մոբիլիզացնելու ողջ ժողովրդին, նորանոր սոցիալական խավեր և հասարակական շերտեր ներգրավելու համաժողովդրական պայքարին: Շարժմանը միացող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների աննախադեպ ծավալը վկայում է, որ փոփոխությունների գաղափարը օր օրի լայնորեն տարածվում է Հայաստանում և սփյուռքում: Որևէ շարժում չի հասել հաջողության առանց լուրջ կազմակերպչական աշխատանքի: Մենք կարևորում ենք նաև հզոր զանգվածային միջոցառումները, որոնք անպայման լինելու են, և որտեղ ժոովրդի ձայնը կհնչի շատ ավելի հզոր, քան երբևէ: Համաժողովդրական շարժումն իր բոլոր նպատակներին հասնելու է խաղաղ և անցնցում ճանապարհով: Եվ մեր հաղթանակը որևէ մեկի մոտ կասկած չի կարող հարուցել»,- ասել է ԲՀԿ խոսնակը:

Եռյակի հանրահավաք-երթը նախատեսված է դեկտեմբերի 10-ին:

Մեկնաբանել