Ուկրաինայում Սաակաշվիլիի նշանակումը տխուր է, բայց ոչ ողբերգական. Իվանիշվիլի

Ivanishvili3Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «տխուր» է համարել փաստը, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն իր խորհրդականի պաշտոնում նշանակել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որը հետախուզվում է հայրենիքում: Այդուհանդերձ, Իվանիշվիլին չի կարծում, որ դա «ողբերգություն է»: Նա վստահ է, որ Վրաստանը պետք է «ըմբռնումով» մոտենա և հիշի, որ Ուկրաինան բարեկամ պետություն է, որն օգնության կարիք ունի:

«Շատ տխուր է, ես իմ ափսոսանքն եմ հայտնում այդ առթիվ»,- civil.ge կայքը մեջբերում է Իվանիշվիլիի խոսքերը, որոնք նա ասել է «Կվիրիս պալիտրա» վրացական թերթի հետ զրույցում: Իվանիշվիլին հիշեցրել է այն սխալների մասին, որոնք Սաակաշվիլին թույլ է տվել 2008թ. օգոստոսյան «ողբերգության» ժամանակ [2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմը – ՍիվիլՆեթ]:

«Տեղյակ լինելով, թե ովքեր են Ադեիշվիլին [Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին, որը նույնպես հետախուզման մեջ է, խորհրդատվական ծառայություններ է մատուցում ուկրաինական կառավարությանը – ՍիվիլՆեթ ] և Սաակաշվիլին, մենք պետք է անհանգստանանք նրա համար, որ նրանց ձեռագրերը չբարդվեն Վրաստանի վրա: Նրանք կարողացան փախչել այստեղից, սակայն փաստ չէ, որ կկարողանան փախչել Ուկրաինայից, իսկ քանի որ Սաակաշվիլին ու նրա համախոհները Ուկրաինայում գործելու են հին ձեռագրով, դա կարող է վտանգավոր լինել այդ երկրի համար»,- նկատել է Իվանիշվիլին:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն փետրվարի 13-ին հրամանագիր է ստորագրել Բարեփոխումների խորհրդակցական միջազգագային խորհուրդ ստեղծելու և որպես դրա ղեկավար Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին նշանակելու մասին:

Մեկնաբանել