Օբաման մեկ տարով երկարաձգում է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ

Barack_obamaԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այդ մասին ասված է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարությունում:

Մոսկվայի դեմ առաջին սահմանափակող միջոցներն ԱՄՆ-ը սահմանել էր 2014թ. մարտի սկզբին՝ Ղրիմում Ռուսաստանի գործողություններին ի պատասխան:

Օբաման հայտարարել է, որ Ուկրաինայում դրությունը «շարունակում է արտակարգ մնալ և սպառնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանն ու միջազգային քաղաքականությանը»: Փաստաթղթում նաև ասված է, որ Մոսկվան իր գործողություններով խարխլում է Ուկրաինայում «ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները, սպառնում է Ուկրաինայի խաղաղությանը, անվտանգությանը, կայունությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»:

***

ԱՄՆ-ի իշխանությունները Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են սահմանել 2014թ.՝ մի քանի փուլով: Դրանք վերաբերում են էներգետիկ, ֆինանսական և պաշտպանական ոլորտների մի շարք ռուսաստանյան ընկերությունների, ինչպես նաև ՌԴ առանձին քաղաքացիների, Ղրիմի բնակիչների և Ուկրաինայի արևելքում անջատականների:

Բարաք Օբաման և Եվրամիության երկրների առաջնորդները վերջերս պայմանավորվածություն են ձեռք բերել համակարգված գործողությունների շուրջ այն դեպքում, եթե խախտվեն Մինսկի համաձայնությունները: Ուկրաինական իշխանությունները հայտարարում են, որ անջատականները դադարն օգտագործում են Մարիուպոլի պաշարումը կազմակերպելու նպատակով: Կիևն ու Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում են անջատականներին ռազմատեխնիկա և զինուժ մատակարարելու մեջ: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները:

Հունվարի 29-ին Մոսկվայի դեմ պատժամիջոցները վեց ամսով երկարաձգելու որոշում էր ընդունել նաև Եվրամիությունը:

Մեկնաբանել