Պուտինը խոսել է Նեմցովի սպանության մասին

Putin Interior Ministry«Պետք է վերջապես Ռուսաստանն ազատել այնպիսի խայտառակությունից ու ողբերգություններից, ինչպիսին վերջերս ապրեցինք և տեսանք. նկատի ունեմ Բորիս Նեմցովի սպանությունը մայրաքաղաքի սրտում»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներքին գործերի նախարարության կոլեգիայում:

Պուտինի խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է բարձրացնել հանցագործությունների բացահայտման աստիճանը՝ ինչպես հին, այնպես էլ անցյալ տարիներին կատարված:

«Այստեղ իսկապես անհրաժեշտ է արմատական փոփոխություն, ՆԳՆ մարմինների և ամբողջ իրավապահ համակարգի աշխատանքի նոր որակ: Ամենալուրջ ուշադրությունը պետք է դարձնել աղմկահարույց հանցագործություններին, այդ թվում՝ քաղաքական դրդապատճառներով»,- ընդգծել է Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է, որ Ռուսաստանում ծայրահեղականների գործողությունները ավելի «արհեստավարժ են դառնում»: Նրա խոսքով՝ ծայրահեղականները փորձում են օգտագործել «այսպես կոչված գունավոր տեխնոլոգիաները՝ փողոցային ապօրինի ակցիաներից մինչև ատելության ու թշնամանքի բացահայտ հրահրում սոցցանցերում»:

«Նպատակն ակնհայտ է՝ հրահրել քաղաքացիական կոնֆլիկտներ, հարվածել մեր պետության սահմանադրական հիմքերին և ի վերջո երկրի ինքնիշխանությանը»,- ասել է Պուտինը՝ շեշտադրելով ծայրահեղականների գործողություններին հրատապ արձագանքելու կարևորությունը:

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փետրվարի 28-ին մեկնաբանելով Նեմցովի սպանության վարկածները, ասել էր, որ «այս դաժան սպանությունն ունի պատվիրված լինելու բոլոր նախանշանները, և կրում է բացառապես սադրիչ բնույթ»:

***

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մոլեգին քննադատն էր, սպանվել է փետրվարի 27-ի ուշ երեկոյան Կրեմլի մոտակայքում: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նեմցովին սպանել են մոտ անցնող մեքենայից:

Փետրվարի 10-ին մի հարցազրույցում Նեմցովն ասել էր, թե վախենում է, որ Պուտինը իրեն կսպանի:

Մարտի 2-ին ռուսական «Կոմերսանտ» թերթն առաջ էր քաշել Նեմցովի սպանության մի քանի վարկածներ: «Ազատություն» ռադիոկայանի վերլուծաբան, Կովկասի հարցերով խմբագիր Լիզ Ֆուլերը ռադիոկայանի անգլալեզու էջում առաջ էր քաշել վարկած, ըստ որի՝ պետք չէ անտեսել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի առնչությունը Նեմցովի սպանությանը:

Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին իր բլգում գրել է, որ Բորիս Նեմցովի սպանությանն ուղղակիորեն առնչություն ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մեկնաբանել