Economist-ն անդրադարձել է 100 Lives նախագծին

ruben vardanyan george clooneyԲրիտանական Economist  հանդեսն անդրադարձել է  Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի 100 lives նախագծին, որի մեկնարկը տրվել է երեկ՝ Նյու Յորքուոմ, հոլիվուդյան կինոաստղ Ջորջ Քլունիի մասնակցությամբ:

Economist-ը գրում է, որ հայկական սփյուռքի առաջատար գործիչները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին հոլիվուդյան աստղերի և իրավապաշտպանների հետ համատեղ հիմնել են ամենամյա մրցանակ, որը կշնորհվի նրանց, ովքեր հանուն մյուսների փրկության վտանգում են սեփական կյանքը: 1 մլն դոլարին համարժեք մրցանակը կոչվում է «Ավրորա»:

«Ամերիկացի և այլ ազգերի միսիոներները ականատեսն էին սարսափելի այն ճակատագրի, որին արժանացան ավելի քան կես միլիոն հայեր 1915թ. գարնան սկզբին. «զանգվածային» տեղահանություն, որից մեծ մասը չկարողացավ փրկվել՝ մահանալով շոգից, սովից, հյուծված լինելուց կամ տեղում սպանվելով»,- գրում է Economist-ի հոդվածագիրն ու պատմում միսիոներների գործունեության մասին, որոնք հոգ էին տանում հայ որբերի մասին:

«Կրոնապաշտ ամերիկյան ընտանիքներում վատ ուտող երեխաներին հաճախ ասում էին՝ «մտածիր սոված հայերի մասին և եղիր ավելի շնորհակալ»»,- նշում է պարբերականը:

Անդրադառնալով Նյու Յորքում 100 Lives նախաձեռնության մեկնարկին, Economist-ը գրում է, որ դրա նպատակն է հարգանքի տուրք մատուցել մահացածներին և տոնել կենդանի մնացածների փրկությունը:

«Ազգությամբ հայ մեկ ռուսաստանցի և մեկ ամերիկացի գործարար, համագործակցելով գիտնական և բարերար, Քարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի հետ, հանդես եկան ձեռնարկով, որը պատասխան է 1915թ. սարսափելի իրադարձություններին»,- ասված է հոդվածում:

«100 Lives նախագծի առաջին նպատակն է բացահայտել փրկվածների ու փրկիչների պատմությունները: Երկրորդ մասը նախատեսում է մրցանակ հիմնել աշխարհի տարբեր ծայրերում ապրող այն մարդկանց համար, որոնք վտանգում են իրենց կյանքը՝ մյուսներին փրկելու համար,- գրում է պարբերականը:- «Ավրորա» մրցանակը համարժեք է 1 մլն դոլարի, այն ամեն տարի կշնորվի մեկ անհատի, որն այնուհետև այդ գումարը կփոխանցի ոգեշնչող գործունեություն տանող որևէ կազմակերպության: Մրցանակի ժյուրիի կազմում են Նոբելյան մրցանակի դափնեկիր և Հոլոքոստը վերապրած Էլի Վիզելը, Իռլանդիայի առաջին կին նախագահ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Մերի Ռոբինսոնը, դերասան և մարդու իրավունքների պաշտպան Ջորջ Քլունին»:

«Անշուշտ, կան բազմաթիվ նախաձեռնություններ, որոնց նպատակն է ուսումնասիրել և դատապարտել ցեղասպանությունները, ինչպես նաև բազմաթիվ ձեռնարկներ՝ բացահայտելու և ճանաչելու նրանց, ովքեր վաղ կամ ոչ այնքան վաղ անցյալում խիզախորեն մարդկային կյանքեր են փրկել: Այս նախաձեռնությունը կոչված է ծառայել բոլոր այդ նպատակներին՝ անկախ փրկիչների կամ փրկվածների ազգային ու կրոնական պատկանելությունից»,- եզրափակել է Economist-ի հոդվածագիրը: