Բագրատ սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական ծառայությունը․ Մայր աթոռ

Մայր Աթոռը, անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «հոգևոր ծառայությունը սառեցնելու» դիմումին, հայտարարել է, որ նրա եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է միայն եկեղեցական և վարչական ծառայությունը։

«Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում և որոշվել վերջինիս ընթացք տալ մինչ նոր տնօրինություն։ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը։ Մնացյալի առնչությամբ Սրբազանը պարզաբանումներ արդեն ներկայացրել է»,- ասված է հաղորդագրությունում։

Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։ Վերջինս ասել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին խնդրել է սառեցնել իր հոգևոր ծառայությունը․ «Վարչապետի թեկնածու լինելու առնչությամբ Վեհափառ հայրապետի նախագահությամբ իմ հոգևոր եղբայրների հետ ունեցած քննարկումների արդյունքում անդրադարձ ենք ունեցել, որ ես իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։ Վեհափառ հայրապետին և իմ հոգևոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը՝ խնդրել եմ այս երեսնամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել»,- հայտնել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Մեկնաբանել