Ժիրայր Սեֆիլյանը կրկին անհնազանդության կոչ է արել

483«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը կրկին քաղաքացիական անհնազանդության քայլեր անելու կոչ է արել:

Ինչպես հաղորդում են «100-ամյակը առանց ռեժիմի» մամուլի ծառայությունից, որպես անհնազանդության քայլ կոչ է արվում այսուհետ չկատարել բանկերից և վարկային կազմակերպություններից վերցրած վարկերի մարումները և «չհարստացնել ռեժիմին ու նրա մաս կազմող հանցագործ օլիգարխներին, ովքեր բաժին ունեն մեր վճարած յուրաքանչյուր դրամից»:

«Ռեժիմին հեռացնելուց հետո հիմնարար փոփոխություններ են կատարվելու բանկային համակարգում, վերանայվելու են բնակչության և ձեռնարկատերերի վերցրած վարկերի պայմանները, այդ թվում՝ տոկոսադրույքները և մարման ժամկետները, հայտարարվելու է վարկային պատմությունների համաներում, ինչպես նաև դադարեցվելու են վարկերի չվճարված գումարների բռնագանձման նպատակով հարուցված հարկադիր կատարման վարույթները: Ռեժիմին հեռացնելուց հետո կվճարվի միայն վարկի մայր գումարը և վերանայված ու էապես նվազեցված տոկոսադրույքները՝ առանց որևէ տույժի կամ տուգանքի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Սեֆիլյանը կրկին քաղաքացիական անհնազանդության քայլեր սկսելու կոչ արել էր փետրվարի 27-ին՝ առաջարկելով չվճարել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները:

Մեկնաբանել