Կփոխվի՞ էլեկտրէներգիայի սակագինը. փոխնախարարը խուսափեց պատասխանից

Untitled Արեգ Գալստյան

Ատոմակայանը, իհարկե իր բացասական ազդեցությունն ունեցավ այն հարցում, որ հոսանքը թանկացավ անցած տարի: Այսպիսի հայտարարություն արեց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը ապրիլի 28-ին Ազգային ժողովում՝ 2014 թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագրի» քննարկման ժամանակ:

«Պատճառը իհարկե միայն ատոմակայանը չէ: Այնպես ստացվեց, որ անցած տարի 88 օր ատոմակայանն աշխատել է կես հզորությամբ, երբ մեկ տուրբո գեներատորը վերանորոգելու անհրաժեշտություն առաջացավ, սակայն կային բազմաթիվ այլ հանգամանքներ և գործոններ, որոնք բերեցին էներգահամակարգում վիճակի վատթարացման»,- ասաց Գալստյանը՝ խուսափելով հստակ պատասխանել ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին՝ արդյոք էլեկտրաէներգիայի սակագինը կփոխվի՝ հաշվի առնելով Ռուսաստանից Հայաստան առաքվող գազի գնի իջեցումը։

Օրերս «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ Հայաստան առաքվող ռուսական գազի գինն իջեցվելու է 165 դոլար` 1000 խմ-ի դիմաց, նախկին 190 դոլարի դիմաց: Վերջնական սպառողի համար, սակայն, գազի սակագինը, ըստ «Գազպրոմ Արմենիա»-ի չի փոխվելու:

Գալստյանը նշեց նաև, որ ատոմակայանի էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքը կազմակերպելու համար անհրաժեշտ էր ՌԴ կառավարությունից լրացուցիչ ռեսուրսներ ներգրավել, որը նախնական գնահատականով կազմում է մոտ 270 մլն դոլար, գումարած 30 մլն ռուսական կողմից տրված դրամաշնորհը։ Այս կապակցությամբ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց փոխնախարարին, թե ինչու գործող սակագինը, որը կազմում է տասնմեկ դրամ, չի ներառում անվտանգության ուղղությամբ ատոմակայանի աշխատանքների կազմակերպում և ինչ անհրաժեշտություն կա նոր պարտք վերցնելու։

«Տասնմեկ դրամի մեջ կապիտալ ծախսերի համար գումարներ նախատեսվում են, որոնք հաստատվում են և պլանային վերանորոգումներ իրականացնելու ընթացքում կատարվում են, ինչպես ընթացիկ, այնպես էլ պլանային աշխատանքները։ Երկարաձգման աշխատանքների հետ կապված այդ գումարները սակագնի մեջ արտացոլված չէին և չէին կարող լինել արտացոլված»,- ասաց փոխնախարարը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը 10%-ով կամ 3,85 դրամով թանակցել է 2014-ի օգոստոսի 1-ից՝ կազմելով 41.85 դրամ/կՎտ/ժ, գիշերային սակագինը 31.85 դրամ/կՎտ/ժ է։

Մեկնաբանել