Ավետիսյանների անունները ներառված չեն եղել ընտրացուցակներում. Քննչական կոմիտե

investigative committeeՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում ստուգվել և հերքվել են մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե, իբր, 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների տվյալները ներառված են եղել ընտրացուցակներում և նրանց փոխարեն կատարվել է քվեարկություն։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մամուլում նշված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։

Քննչական կոմիտեն պարզաբանում է, որ Հրապարակ թերթի՝ «Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված Ավետիսյանները ևս «քվեարկել են» վերտառությամբ հոդվածում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր։ Արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոց 188 հասցեում հաշվառված, քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող Ավետիսյանների ընտանիքի անդամները նախկինում ընդգրկված են եղել թիվ 35/38 ընտրատեղամասի ընտրողների ցուցակներում, որոնք հաշվառումից հանվել են դեռևս 2015 թվականի փետրվարին։ Հիշյալ անձինք 06.12.2015 թվականի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակում չեն եղել։

Վերը նշվածը հիմնավորվել է 35/38 ընտրատեղամասի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները զննելու մասին արձանագրություններով, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի անձնագրային բաժանմունքից ստացված թիվ 22/62-571 գրությամբ:

***

«Հրապարակ» օրաթերթը դեկտեմբերի 8-ի իր համարում գրել էր, որ երեկ իրենց խմբագրություն է զանգել Գյումրիի ընթերցողներից մեկը և ասել, որ գյումրեցիները խիստ վրդովված են. դեկտեմբերի 6-ին քվեարկության գնացած գյումրեցիները նկատել են` հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան հունվարին սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլև դրանց դիմաց ստորագրություններ են դրված, այսինքն՝ նրանք էլ են «քվեարկել» հօգուտ Սահմանադրության: «Սենց սրբապղծություն Գյումրին չէր տեսել՝ գոնե անմեղ զոհերին խնայեին»,- մեջբերել էր թերթը զրուցակցի խոսքը։ «Հրապարակ»-ը գրել էր, որ քանի որ քվեարկության ցուցակները մատչելի չեն, իրենք հնարավորություն չունեին ստուգել այս տեղեկությունը։

Հրապարակման առնչությամբ պարզաբանում է ներկայացրել ոստիկանությունը` հորդորելով տեղեկատվություն տարածելիս հղում անել միայն փաստերին:

Ոստիկանությունը նշել է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամները հանված են Գյումրիի Մյասնիկյան փ. 188 տան հասցեի հաշվառումից` մահվան կապակցությամբ, և նկատի ունենալով, որ քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակների հիմքը բնակչության պետական ռեգիստրում առկա հաշվառման տվյալներն են, նրանց տվյալները չեն ընդգրկվել ընտրողների ցուցակներում:

Դեկտեմբերի 8-ին Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Սահմանադրական հանրաքվեի ընտրացուցակներում Գյումրիում այս տարվա հունվարին սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների անունների առկայության վերաբերյալ տեղեկատվությունը ստուգվում է:

Մեկնաբանել