Բաքուն հասկանում է՝ ստատուս քվոն փոխելու համար չի կարող հենվել միայն ռազմական ուժի վրա. Stratfor

14566_bԱդրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում չի կարող հենվել բացառապես իր ռազմական ուժի վրա. Բաքուն ստիպված կլինի հետամուտ լինել վեճի դիվանագիտական հանգուցալուծման, որը կներգրավի Հայաստանի հարևաններին, ինչպես նաև Ռոււսաստանին, որը ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը Կովկասում, գրում է Stratfor ամերիկյան վերլուծական կենտրոնը՝ «Լեռնային Ղարաբաղի հարցում փակուղին վերածվեց բռնության» վերնագրով իր հոդվածում:

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ընդլայնվող ռազմավարության առավելությունն այն է, որ կարող է խաթարել Հայաստանի տարածքային նվաճումները՝ հասնելով տարածքային որոշ ձեռքբերման»,- գրում է կենտրոնը:

Ընդգծելով Ադրբեջանի ռազմական առումով առավելությունը, որին երկիրը հասել է իր էներգետիկ ռեսուրսների շնորհիվ, Stratfor-ը գրում է.

«Տեղայնացված հարձակումները, ինչպիսիք եղան ապրիլի 2-ին, օգնում են խուսափել ծուղակներից, որոնք պատահում են լայնամասշտաբ գործողությունների դեպքում. վերջիններս անհարմար են Լեռնային Ղարաբաղի լեռնոտ տեղանքում: Ադրբեջանի այդ ռազմավարության կարևոր առավելությունն այն է, որ սահմանափակում է Ռուսաստանի հետ հակամարտության հավանականությունը, որը նշանակալի ռազմական ներկայություն ունի Հայաստանում: Փոքրամասշտաբ գործողությունները, որոնք կարող են արագորեն կասեցվել, շատ ավելի անհավանական են դարձնում Ռուսաստանի միջամտությունը, սակայն նման մարտավարությունը զուրկ չէ ռիսկից: Մոսկվան կարող է օգնության գալ իր դաշնակիցներին՝ չնայած Ռուսաստանին հակամարտությունից դուրս պահելու Ադրբեջանի ջանքերին»:

«Ի վերջո, ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին: Ռուսաստանցի պաշտոնյաները ամենայն հավանականությամբ կապի մեջ են հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Ավելին՝ Հայաստանը կարող է որոշել ինքնուրույն փոխել ռազմավարությունը՝ իրականացնելով հարձակողական գործողություններ ճակատի մյուս հատվածներում:

Եթե Հայաստանը որոշի նման կերպ արձագանքել, հնարավոր անորոշությունը կարող է հանգեցնել արագորեն ծավալվող ռազմական գործողությունների շփման գծի ամբողջ երկայնքով: Դա հղի է նրանով, որ կարող է դուրս գալ Լեռնային Ղարաբաղի սահմաններից՝ խափանելով Ադրբեջանի ջանքերը:

Այդ պատճառով Ադրբեջանը չի կարող հենվել միայն իր ռազմական ուժի վրա ԼՂ հակամարտությունում: Բաքուն ստիպված կլինի հետամուտ լինել դիվանագիտական հանգուցալուծման, որը կներքաշի Հայաստանի հարևաններին, ինչպես նաև Ռուսաստանին, որը ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը Կովկասում:

Ադրբեջանը կարող է օգտագործել Մոսկվայի հետ իր ավելի սերտ հարաբերությունները Հայաստանում Ռուսաստանի ընդլայնված ազդեցության ժամանակահատվածում՝ կորզելու անբարենպաստ ստատուս քվոյի ավելի շահեկան հանգուցալուծում»,- կարծում են վերլուծական կենտրոնի փորձագետները:

Կենտրոնը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 7-ին կայցելի Բաքու, նույն օրը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կլինի Հայաստանում: Մինչև ռազմական գործողությունների սկիզբը իրանցի, թուրք և ադրբեջանցի ԱԳ նախարարները ծրագրել էին հանդիպել ապրիլի 5-ին:

«Եթե ռուսները հետագայում ներքաշվեն, Թուրքիան նույնպես ստիպված կլինի ավելի շատ ներգրավվել՝ փորձելով հավասարակշռել Ռուսաստանին Կովկասում: Բաքվի շահերից է բխում տարածաշրջանային ուժերի մրցակցությունը, քանի որ նա կարող է ստիպել նրանց հաշվի նստել իր շահերի հետ: Բաքուն հասկանում է, որ չի կարող հենվել բացառապես իր ռազմական ուժի վրա՝ ստատուս քվոն փոխելու համար, հատկապես՝ պայմանավորված Հայաստանում Ռուսաստանի ներկայությամբ: Այդուհաներձ, Ադրբեջանը կարող է դիվանագիտական խուսավարումներով զուգորդված՝ օգտագործել իր ռազմական ուժը՝ որպես ավելի լայն ռազմավարության մաս, որը կարող է Հայաստանին ստիպել զիջումների գնալ: Չնայած Բաքվի մտադրություններին՝ այդ ռազմավարությունը հնարավոր է՝ ավելի լայնածավալ պատերազմ հրահրի, որին կողմերից և ոչ մեկը պատրաստ չէ»:

***

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից սկսած՝ ղարաբաղա-ադրբեջանական առաջնագծի ամբողջ երկայնքով Ադրբեջանը ձեռնարկել էր 1994-ի զինադադարից ի վեր ամենամեծ հարձակումը՝ զրահատեխնիկայի, ավիացիայի և հրետանու կիրառմամբ:

Երեկ կեսօրին հաղորդվեց, որ ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու:

Այսօր առավոտյան ԼՂՀ ՊՆ-ն հայտարարել է, որ կրակի դադարեցման շուրջ նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունը հիմնականում պահպանվել է: