Ստատուս քվոն տևականորեն չի կարելի պահպանել. ԵԱՀԿ գործող նախագահ

steinmeierՂարաբաղյան հարցում ստատուս քվոն տևականորեն չի կարելի պահպանել. այս մասին հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսին:

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը տարածաշրջանային այցով կլինի Հարավային Կովկասի երեք երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում:

Երևանում հրավիրված ասուլիսին խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին՝ ԵԱՀԿ գործող նախագահն ասաց, որ առաջին պլան են մղվում ԵԱՀԿ գլխավոր խնդիրները:

«Երեկոյան զրուցելու եմ նախագահի հետ, որում ԼՂ հարցը առաջին պլանում է լինելու: Բոլոր կողմերը, ոչ միայն առճակատման կողմերը, այլև ԵԱՀԿ-ում, այն կարծիքին են, որ ստատուս քվոն տևականորեն չի կարելի պահպանել: Եվ մենք համոզված ենք, որ որքան երկարում է այս կոնֆլիկտը, այնքան մեծանում է ռազմական գործողությունների էսկալացիայի ռիսկը: Այդ իսկ պատճառով մենք պետք է ջանանք խուսափել դրանից, և ԵԱՀԿ-ն, ես՝ որպես գործող նախագահ, իհարկե ջանքեր ենք գործադրում, որ այս կոնֆլիկտի համար գտնվի տևական լուծում»,- ասաց Շտայնմայերը:

Շտայնմայերը հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջերս երկու անգամ հանդիպել են՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում: «Եթե ի մի բերենք ԵԱՀԿ-ի, ինչպես նաև Մինսկի խմբի կողմից իրականացվող այս բոլոր աշխատանքները, իրավիճակը ճակատային գծում ավելի հանդարտվել է»,- ասաց նա:

«Մենք սկզբունքորեն ճիշտ ճանապարհին ենք: Եվ իմ կարծիքն է, որ ամեն ջանք պետք է գործադրենք, որ այս իրավիճակը պահպանենք և այնուհետև բանակցային գործընթացն ավելի առարկայական դարձնենք: Դրա համար մեզ անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքը և կոնֆլիկտի կողմերի պատրաստակամությունը՝ գնալու փոխզիջումների»,- ասաց Շտայնմայերը:

Հայաստանի արտգործնախար Էդվարդ Նալբանդյանին լրագրողներից մեկը հիշեցրեց, որ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո, երբ Ալիևը վերադարձավ Ադրբեջան, հայտարարեց, որ պատրաստ է քննարկել Ղարաբաղի ինքնավարության հարցը և օրինակ բերեց Նախիջևանը՝ ասելով, որ հանդիպմանը նաև այդ մասին են խոսել:

«Ես ասեմ, որ ամեն հանդիպումից հետո եռանախագահները հարց են տալիս՝ արդյոք այս անգամ հնարավոր կլինի հարգել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել հանդիպման ընթացքում: Ես միշտ ասում եմ՝ սպասեք, ադրբեջանական պատվիրակությունը կվերադառնա Բաքու, և տեսնենք, թե ինչ շինծու վարկածներ կներկայացնի, և դրանից հետո հնարավոր կլինի եզրակացնել, թե այդ պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերբել այդ հանդիպման ընթացքում, իրականացնել»,- ասաց Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն այսօր անում է այն, ինչ եռանախագահող երկրներից մեկն ընդգծել է՝ փորձում է պարան քաշել իր կողմը, կամ ինչ-որ կերպ իր հանրային կարծիքի մոտ ցույց տալ. որ այդ պայմանավորվածությունները իրենց ի նպաստ են եղել:

«Չեմ կարծում, որ այդ մոտեցումը օգտակար կարող է լինել ընդհանուր բանակցային գործընթացի համար: Ժամանակին հայաշատ Նախիջևանն այսօր ամբողջովին հայաթափված է, նաև հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացված է, և դա այսօր օրինակ է բերվում Ադրբեջանի ղեկավարի կողմից որպես հեռանկար Լեռնային Ղարաբաղի համար: Սա այն վառ ապացույցներից է, թե ինչու սա չէր կարող լինել բանակցությունների առարկա ու չի էլ լինի»,- ասաց Նալբանդյանը:

Նալբանդյանը նշեց, որ հայկական կողմը բանակցությունների ժամանակ երբևէ չի քննարկել և չի քննարկի Ադրբեջանի կազմում ԼՂ ինքնավարության հարց, ինչպես ներկայացնում է ադրբեջանական կողմը. «Եռանախագահող երկրները՝ ամենաբարձր մակարդակով բազմիցս նշել են, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշի ԼՂ ժողովուրդը ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ»:

Ադրբեջանի նախագահի հայտարարությունը Նալբանդյանը որակեց «շինծու»:

Մեկնաբանել