Գյումրիում քաղաքացիներ են բերման ենթարկվել

կումԵրևանում այսօր տեղի ունեցած զինված միջադեպից հետո ոստիկանները և Գյումրիի քննչական կոմիտեի աշխատակիցները այցելություններ են սկսել Գյումրիում քաղաքական-հասարակական ակտիվություն ցուցաբերող քաղաքացիների բնակարաններ: Օրինակ` Գյումրիի բնակիչ Կարեն Ավագյանի բնակարան են այցելել երկու քաղաքացիական հագուստով ոստիկան և նրան հրավիրել ոստիկանական բաժանմունք: Ավագյանը, ով այդ պահին տանը չի եղել, հրաժարվել է ընդունել հրավերը, պահանջելով ծանուցագիր: Ոստիկանները հեռացել են:

Առավոտյան Երևան ուղևորվելու ճանապարհին բերման է ենթարկվել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը: Նա ՍիվիլՆեթին պատմեց, որ իր մեքենան կանգնեցրել են Ագարակի մոտ, հրավիրել ոստիկանություն: Բարսեղյանը նույնպես հրավերը չի ընդունել, պահանջել է գոնե Աշտարակ քաղաքի ոստիկանությունից իրեն ծանուցագիր ներկայացնել, սակայն նրան բերման են ենթարկել Գյումրիի «Կումայրի» ոստիկանական բաժին, որտեղ հանդիպել է բաժնի պետին: «Ես իհարկե ասացի, որ Սերժիկի ոստիկանների հարցերին չեմ պատասխանում»,- նշեց Բարսեղյանը` տեղեկացնելով, որ որպես բերման ենթարկելու հիմնավորում են ներկայացրել զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր պահելու կասկածանքը: Նրա մեքենան խուզարկության է ենթարկվել:

Ոստիկանները առավոտյան այցելել են նաև Տարոն Գրիգորյանի բնակարան, նրան նույնպես հրավիրելով ոստիկանական բաժին: «Առավոտ եկան, ինձ շնորհքով հրավիրեցին, ես էլ գնացի: Հարց ու փորձ էին անում, ասում, թե կապ ունեմ արդյոք այսօրվա դեպքերի հետ: Ես էլ ասացի` ոչ չունեմ»,- իր ու ոստիկանների հանդիպումը ներկայացրեց Գրիգորյանը: Նա ոստիկանական բաժնում մնացել է 15 րոպե:

Գյումրիի քննչական կոմիտեից այցելել են Վահագն Մինասյանի հորեղբոր բնակարան, համոզվել են, որ Վահագնը Երևանում է, ապա տվյալներ ճշտել ու հեռացել:

Ոստիկանության Գյումրիի «Կումայրի» բաժին է բերման ենթարկվել նաև ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը: Նա դեռ ազատ չի արձակվել:

Մեկնաբանել