Կեղծիքի խնամքը

Ընտրողը նաև կեղծարար է: Սա է Ընտրական նոր օրենսգրքի նորամուծությունը: Ընտրողը կեղծարար է այն պահից, երբ ցուցմունք է տալիս կեղծ քվեարկության մասին: Մինչև հիմա կեղծարարը իշխանությունն էր: Բոլոր Ընտրական օրենսգրքերն իշխանությանը «թույլ էին տալիս» կեղծել և լինել անպատիժ: Հիմա այս Ընտրական օրենսգիրքը նույնն է թույլ տալիս՝ պայմանով, որ պատժվում է ընտրողը, որը կեղծիքի մասին հայտարարություն է տալիս: Այդ մասին տեղեկացնում են հիմա, որպեսզի հաջորդ տարվա ապրիլի 2-ի կեղծիքը մնա անահազանգ:

Դուք հասկանու՞մ եք, մենք բյուջեով կառավարությունում մարդ ենք պահում՝ Դավիթ Հարությունյանին, որը լրջորեն կոմբինացիաներ է մշակում, թե ինչպես մարսեն կեղծիքը: Մարսելու ամենակարճ ճանապարհն էլ կեղծիքի հանդեպ խնամքն է, այսինքն՝ կեղծիքի մասին ահազանգողին սուտասան հռչակելը: Իշխանությունը որոշել է հրապարակել ընտրություններին մասնակցածների ցուցակները: Կարծես թե մեծ հետքայլ է արել մինչև հիմա գործող կարգից․ մոտ 600 հազար «քվե» մնում է անկեղծիք: Ինչպե՞ս փոխհատուցել սրա դիմաց: Գտել են եղանակը: Իրենք 600 հազար «քվեին» երկրորդ կյանք են տալիս, այսինքն՝ հանրապետությունից բացակայողը կամ հանրապետության հողի վրա մահացածն ու թաղվածը շարունակում են «քվեարկել», բայց ով այս մասին հայտարարություն կտա, իրենք կգտնեն մեխանիզմներ, որպեսզի ապացուցեն, որ կա՛մ տեղի է ունեցել թյուրիմացություն, հետևաբար ահազանգը կեղծ է, կա՛մ ահազանգն ուղղակի կեղծ է․ ջհանդամը թե խոսքը հանգուցյալի կամ 25 տարի առաջ հանրապետությունից անվերադարձ հեռացածի քվեարկության մասին չէ: Իսկ կեղծ ահազանգն էլ պետք է արժանի պատիժ ստանա՝ 1-3 տարի ազատազրկում, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի գործ տալ կեղծարարների վրա: Դուք հասկանո՞ւմ եք, մենք էս մարդկանց պետական բյուջեով ենք պահում, ոչ վարկերով, ոչ հասարակական հիմունքներով, դրսից չենք բերում, պարտքով չենք վերցնում, այլ հենց պետական բյուջեով խնամում ենք այս մարդկանց, որպեսզի մեզ հռչակեն սուտասան, հենց կահազանգենք կեղծիքի մասին: Մենք հո գիտենք, որ ոստիկանությունն էլ է իրենց ձեռքը, դատախազությունն էլ, դատարաններն էլ, քննչական ծառայություններն էլ: Մեր միակ զենքը կեղծիքի մասին ահազանգն է, որը նախատեսում է նոր Ընտրական օրենսգիրքը:

Իսկ դուք ասում եք՝ կառավարության ծրագիր, իսկ դուք ասում եք՝ վերջապես հույս կա, որ Հայաստանի 5 քարանձավ կառավարության ծրագրով կդառնա զբոսաշրջության վայր: Դուք ասում եք և կասեք, քանի դեռ չգիտեք, որ ամենահեշտը ընտրակեղծարարությամբ ձևավորված իշխանություն ունենալուց հետո խելքին փչածն ասելն է: Որովհետև խելքին փչածն ասելը խելքին փչածն անելով չէ, ասելուց հետո գլխավորը կոնկրետության զգացումը չկորցնելն է, հասցեական հանցանքներին տեր լինելն է․ չէ՞ որ խելքին փչածն ասելով՝ թալանվելիք փողը չի ցնդում, ինքը սպասում է, որ իրեն տեր կլինեն: Իսկ տերը իրենք են՝ սոված ժողովրդին հույսերով, այսինքն՝ Կարեն Կարապետյանով կերակրողները: Իրենք ասում են կոռուպցիայի դեմ պայքար, բայց ուտում և թալանում են ավելի մեծ ախորժակով, իրենք ասում են՝ գիտելիքի և մտքի առաջնահերթություն, բայց մեզ դեմ են տալիս Բալասանյան Սամվելի նման մի պատեհապաշտ և Մարգարյան Տարոնի նման մի ահազանգ պետության ներկայացուցիչ չլինելու մասին, իրենք ասում են հավասար հնարավորություններ բոլորի համար, բայց փողն ավելի են կենտրոնացնում իրենց ձեռքը, իրենք խոսում են Հայաստանը բոլոր հայերի Հայրենիք լինելու մասին՝ առանց հասկանալու, որ Հայրենիքը այն կորցնողի զգացումն է կորուսյալի հանդեպ: Որովհետև իշխանության մեջ ոչ ոք չունի Հայաստանը պետություն դարձնելու ծրագիր: Եթե ունենար, Ընտրական օրենսգիրքը Սահմանադրությունից հետո կլիներ ամենահասկանալի պետական փաստաթուղթը, որը կարդացողը, ինչպես մարզասարքի վրա պարապողը, կուտակում է քաղաքացի և Տեր լինելու մկաններ: Իսկ հիմա Սահմանադրություն և ԸՕ ունենալուց հետո անգամ մարդը չգիտի՝ իր ինչի՞ն են պետք ընտրությունները, ինքն անձամբ ի՞նչ հարց է լուծում՝ ընտրական տեղամաս գնալով: Հերիք չէ՝ չգիտի, թույլ էլ չեն տալիս, որ իմանա, միանգամից հիշեցնում են, որ իմանալը ռիսկ է սուտ ասելու համար 3 տարի բանտ նստելու:

Այս մարդիկ, այսինքն՝ իշխանությունները, ոչ միայն Մարդ ասվածի, այլև Աստծո ամբողջ արարչագործության ընդդիմախոսն են, որովհետև կեղծիքը ոչ միայն արտահայտվում է ընտրությունների ժամանակ, կեղծիքն իր հետևից բերում է իր դեմքը՝ հանձին սրանց: Որովհետև ինքը ոչ միայն արտահայտություն է, ոչ միայն մտահղացում է, ինքը նաև ստամոքս է: Այս մարդիկ կեղծիքի ախորժակն են: Հենց ընտրություններով են սրանք կուտակում կեղծիքը մարսելու լեգիտիմությունը, երբ ընդդիմախոսներ չկան, երբ ընտրողներ չկան, այլ կան ընտրատեղամաս քայլող մեխանիկական ոտքեր, որոնք «պտիչկա» են դնում ձեռքով: Հենց ընտրություններով են այս մարդիկ «շարադրում» իրական սահմանադրությունը՝ մեր դեմ խաղ չկա: Որպեսզի այլևս խաղացողներ չլինեն: Ինչպես, ի դեպ, հիմա է:

Մեկնաբանել