ՀԱԿ-ը կոչ է անում երկրորդ ընթերցմամբ դեմ քվեարկել 1000 դրամի օրինագծին

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում պատգամավորներին կոչ է անում երկրորդ ընթերցման ժամանակ դեմ քվեարկել ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում է հազարական դրամ գանձել քաղաքացիների աշխատավարձերից։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Հետխորհրդային երկրներից ոչ մեկի ժողովուրդն իր բանակին, զինված ուժերին այնքան գորովանքով չի վերաբերվել, նրա համար այնքան զոհողություններ չի արել, որքան Հայաստանի ժողովուրդը։ Ապրիլյան պատերազմը հերթական անգամ ապացուցեց դա։

Բանակի սոցիալական կարիքների վկայակոչմամբ, յուրաքանչյուր աշխատողից անխտիր 1000-ական դրամ պահելու մասին իշխանության՝ էժանագին հայրենասիրական կարգախոսներով համեմված նախաձեռնությունը հասարակական հակազդեցության արժանացավ։ Հակազդեցության հիմքում միայն անվստահությունը չէ միլիարդներ թալանած իշխանավորների նկատմամբ, ոչ էլ այն, որ արտառոց այս հարկատեսակը տարբերակում չունի և բոլորից նույն չափով է գանձվելու։ Խնդիրը նաև հազար դրամի ֆինանսական կողմը չէ՝ չնայած երկրում առկա աղքատության բարձր տոկոսին և մեծագույն մասի աշխատավարձերի խղճուկությանը։

Իշխանության այս նախաձեռնությունը վկայում է, որ բազմամյա թալանի, կողոպուտի, կամայականությունների հետևանքով պետությունն, իրոք, հասցվել է տնտեսական աղետի, դեֆոլտի եզրին։

Վարչախումբը զուրկ է տարրական պետական մտածելակերպից, ունակ չէ դատել պետական կատեգորիաներով և պետությունը շփոթում է պետականազուրկ համայնքի հետ։ Այսօրինակ խնդիրները պետականության պայմաններում լուծվում են համապատասխան հարկային քաղաքականությամբ՝ միմիայն բյուջեի միջոցով։

Բանակի համար ամեն ինչ տված ժողովրդից այս կերպ փող կորզելն այդպիսի մի նուրբ ու խիստ զգացական առիթով՝ ցինիզմ է, վիրավորանք յուրաքանչյուրի մարդկային և ազգային արժանապատվությանը։

Զգալով ժողովրդի միահամուռ հակազդեցությունը՝ իշխանությունն այժմ էլ նախապատրաստվում է 1000-ական դրամների վճարման պարտադիր սկզբունքը փոխարինել կամավորությամբ՝ թույլ տալով յուրաքանչյուրին դիմում գրելով հրաժարվել դրանից։ Այս հարցում, սակայն, անհատականացման նման սկզբունքի ներդրումը շատ ավելի անբարոյական է և նվաստացուցիչ յուրաքանչյուրի համար։

Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում պատգամավորներին՝ չտրվել վարչախմբի խաբեական, մարդկանց նվիրական զգացումները անպարկեշտորեն շահագործող, «հայրենասիրական» հռչակված ձեռնածությանը, առաջնորդվել պետական-քաղաքական մտածողությամբ և երկրորդ ընթերցման ժամանակ դեմ քվեարկել հայկական պետականությունը խայտառակող այս օրինագծին»:

***

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նոյեմբերի 17-ին։

Համաձայն նախագծի՝ հատուցման գումարները փոխանցվելու են 2017թ․ հունվարի 28-ից հետո գրանցվող դեպքերի համար։ Հատուցման գումարների վճարումն իրականացնելու և հավաքագրված դրամական միջոցները կառավարելու նպատակով ստեղծվելու է հատուկ հիմնադրամ։ Ֆինանսական միջոցները կձևավորվեն յուրաքնաչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ դրամաշնորհային միջոցերից, հատուկ այդ նպատակողվ թողարկվող արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից և նվիրատվություններից։

Մեկնաբանել