Մադագասկարում Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ բանաձև է ընդունվել

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն աջակցություն է հայտնել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։

Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 26-րդ գագաթաժողովը նոյեմբերի 27-ին ընդունել է Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձևը, որտեղ Հայաստանի առաջարկությամբ ամրագրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։

«Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա՝ մասնավորապես ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ամրագրված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 26-րդ գագաթաժողովի եզրափակիչ բանաձևում։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ գագաթաժողովի շրջանակում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների իր պաշտոնակիցների հետ։ Նիգերի արտգործնախարարի հետ ստորագրել է երկու երկրների միձև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին փաստաթուղթ։

Մեկնաբանել