Իրանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը հակասում է միջուկային համաձայնագրին․ Թեհրան

ԱՄՆ-ի Սենատի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի երկարաձգումը 10 տարով խախտում է 2015թ․ Իրան-Վեցյակ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը:

Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին ասել է, որ այդ քայլը հակասում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ «համապարփակ համաձայնագրի ոգուն և ԱՄՆ-ի՝ մյուս երկրների ներքին գործերին չմիջամտելու պարտավորություններին»։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հավելել է, որ ԱՄՆ-ի ներքին քաղաքական զարգացումներն ու օրենսդիր և գործադիր մարմինների միջև հարաբերությունները չեն կարող արդարացնել երկրի կողմից իր միջազգային պարտավորությունների անտեսումը կամ դրանք կատարելու դժկամությունը։

Քասեմիի խոսքով՝ Իրանը ցույց է տվել իր հանձնառությունը միջազգային համաձայնագրերին և պատրաստ է գործել համապատասխանաբար՝ իր ազգային շահերը պաշտպանելու համար։ ԱԳՆ խոսնակը նաև տեղեկացրել է, որ գերատեսչությունը ուշադիր հետևում է ԱՄՆ-ի կառավարության քայլերին և մտադիր է մանրակրկիտ զեկույց ներկայացնել համաձայնագրի կատարմանը հետևող խորհրդին։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին դեռ նոյեմբերին հայտարարել էր, որ պատժամիջոցների երկարաձգումը կխախտի համաձայնագիրը, նա սպառնացել էր պատասխան քայլեր ձեռնարկել։

Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի Սենատը միաձայն քվեարկել էր Իրանի դեմ պատժամիջոցները 10 տարով երկարաձգելու օգտին, որոնցով տուգանքներ են նախատեսվում ամերիկյան այն ընկերությունների դեմ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ։ Ավելի վաղ փաստաթղթին հավանություն էր տվել Կոնգրեսը։ Այժմ այն պետք է ստորագրի նախագահ Բարաք Օբաման։

Սենատոր Գերի Փիթերսը, New York Times-ի փոխանցմամբ, հայտարարել է, որ պատժամիջոցների ռեժիմի շնորհիվ Իրանը «շարունակում է հաշվետու լինել, այն ուժեղացնում է ԱՄՆ-ի անվտանգությունն ու զսպում Իրանի թշնամանքը ԱՄՆ-ի դաշնակիցների, հատկապես Իսրայել պետության նկատմամբ»։

2015թ․ ամռանը ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Չինաստանը Իրանի հետ կնքել էին համաձայնագիր վերջինիս միջուկային ծրագրի շուրջ։ Իրանը պատժամիջոցների վերացման դիմաց համաձայնել էր թույլ տալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների մուտքը իր միջուկային օբյեկտներ։

Այս տարեսկզբին ԱՄՆ-ի և Եվրամիության՝ Իրանի դեմ պատժամիջոցների մեծ մասը վերացվել էր։

Մեկնաբանել