Պուտինը երազում է կարիերան հաջողությամբ ավարտելու և շրջագայելու մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ երազում է իր կարիերան հաջողությամբ ավարտելու մասին և ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել շրջագայելուն։

«Այսօր իմ բոլոր շրջագայությունները հանգում են նրան, որ գալիս եմ օդանավակայան, որից տեղափոխվում եմ որևէ տեղ և ապա հետ՝ օդանավակայան, և ահա, կարծես, ինչ-որ տեղ եմ գնացել։ Ես կցանկանայի, իհարկե, այլ կերպ շրջագայել, տեսնել բնություն, ինչ-որ պատմական տեսարժան վայրեր»,- ասել է Պուտինը Չելյաբինսկի գործարաններից մեկի աշխատողների հետ հանդիպման ժամանակ։

Աշխատակիցներից մեկը Պուտինին ասել է, որ երազում է լավ կարիերայի մասին և ապա հարցրել, թե ինչի՞ մասին է երազում նա։

«Ես ցանկանում եմ հաջողությամբ ավարտել իմ կարիերան»,- պատասխանել է ՌԴ ղեկավարը։

Վլադիմիր Պուտինն առաջին անգամ Ռուսաստանի նախագահ էր ընտրվել է 2000թ․։ 2008թ․ ավարտվում է այդ պաշտոնում նրա երրորդ ժամկետը, որն սկսվել էր 2012թ․։

2013թ․ սեպտեմբերին Պուտինը հայտարարել էր, որ չի բացառում չորրորդ անգամ իր մասնակցությունը նախագահական ընտրություններին, որոնք կայանալու են 2018թ․։

Այս տարվա սեպտեմբերին Bloomberg-ին տված հարցազրույցում Պուտինն ասել էր, որ դեռ չի որոշել՝ մասնակցելու է արդյոք 2018թ. նախագահական ընտրություններին, թե ոչ։

Հարցին, թե արդյոք կարծո՞ւմ է, որ Ռուսաստանի ապագա առաջնորդը պետք է լինի ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, ՌԴ նախագահը պատասխանել էր. «Այո, իհարկե: Ելնում եմ նրանից, որ ապագա առաջնորդը պետք է լինի բավական երիտասարդ, սակայն հասուն»:

Մեկնաբանել