Վարչապետին հորդորում են միջամտել «Հաց բերողի» գործով

«Հոգևոր Հայաստան» նախաձեռնությունը բաց նամակ է հղել Հայաստանի վարչապետին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել կասեցնելու Արթուր Սարգսյանի նկատմամբ «իշխանությունների դատապարտելի վերաբերմունքը»։ Արթուր Սարգսյանը հուլիսին Երևանում ՊՊԾ գնդի գրավման օրերին հաց էր տարել գունդը պաշարած «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին։ Այժմ նա մեղադրվում է պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ:

Արթուր Սարգսյանը կիրակի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն և նույն օրը նորից տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Քրեակատարողական վարչությունը հաղորդագրություն է տարածել, որ Սարգսյանի մոտ ախտորոշվել է «Էրոզիվ բուլբիտ, մակերեսային գաստրիտ»: Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության տակ, ստանում է նշանակված դեղորայքային բուժումը: Սարգսյանի մոտ առկա է զինծառայության ընթացքում ստացած Բեխտերևի հիվանդություն, որը ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում: Արթուր Սարգսյանը հինգ ամիս է՝ գտնվում է կալանքի տակ:

«Ապրիլյան պատերազմի արդյունքներն ու դրան հաջորդած «Սասնա ծռերի» գործողությունները ստեղծեցին աննախադեպ իրավիճակ մեր պետականության ու ողջ հայության համար: «Հոգևոր Հայաստանը» դիմում է Ձեզ` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնած նոր ղեկավարի, ում հետ դեռ շարունակում է հույսեր կապել մեր քաղաքացիների զգալի մասը: Կոչ ենք անում վճռորոշ քայլեր ձեռնարկել Արթուր Սարգսյանի ինքնազոհ, մարդասիրական պոռթկման հանդեպ իշխանությունների դատապարտելի վերաբերմունքը կասեցնելու ուղղությամբ: Ժողովրդի կողմից “հաց բերող” առասպելական բնորոշմանն արժանացած բարձրագույն որակներ կրող այս հայորդին, լինելով հաշմանդամ, այժմ առողջական ծանր վիճակում է:

Ստեղծված է խիստ վտանգավոր նախադեպ, ուղղված հայի ինքնության, բարոյականության, մեր ոգու վեհանձնության դեմ: Ձեզ բացառիկ հնարավորություն է ընձեռված հիմք դնել արդարացիության հաստատմանը` ազատ արձակելով Արթուր Սարգսյանին: Սա քաղաքական կամքի դրսևորման անհրաժեշտ ազդակ կհանդիսանա մեր երկրում ստեղծված հեղձուկ մթնոլորտը հաղթահարելու համար` Ձեր թիկունքին ունենալով հայ ժողովրդի, ինչպեսև «Հոգևոր Հայաստանի» աջակցությունը»,- ասված է «Հոգևոր Հայաստան» նախաձեռնության կոչում, որի տակ ստորագրել են Հասմիկ Պապյանը՝ օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ; Խաչիկ Չալիկյանը՝ ռեժիսոր, դրամատուրգ; Եղիշե Պետրոսյանը՝ երաժիշտ; Ռուբեն Կարապետյանը՝ պատմական գիտությունների դոկտոր, դեսպան; Վարդան Խաչատրյանը՝ պատմաբան, ԵՊՀ դասախոս; Արեգ Նազարյանը՝ «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր։

Արթուր Սարգսյանի եղբայրը նախօրեին ՍիվիլՆեթին պատմել է եղբոր առողջական ծանր վիճակի մասին․

Մեկնաբանել