Կա ներուժ է՛լ ավելի մեծ տեմպ հաղորդելու ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներին․ Կարայան

Կա ներուժ է՛լ ավելի մեծ տեմպ հաղորդելու ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներին օրենսդիր և գործադիր մակարդակներում․ երեկ հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Ռուսաստանի Պետական դումայի՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը։

Ինչպես հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, Սուրեն Կարայանը հույս է հայտնել, որ համապատասխան դինամիկ քայլեր կձեռնարկվեն ազգային օրենսդրությունների հետագա ներդաշնակության համար՝ ի նպաստ ԵԱՏՄ ինտեգրացիոն փոխգործունեության ամրապնդման: Կարայանի խոսքով` կա ներուժ է՛լ ավելի մեծ տեմպ հաղորդելու ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներին օրենսդիր և գործադիր մակարդակներում:

ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն իր խոսքում կարևորել է նախարարության դերը թե´ պետության և թե´ եվրասիական ինտեգրման խորության առումով:

Հանձնաժողովի անդամներն առաջարկել են ընդլայնել Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը տեխնոպարկերի, ազատ տնտեսական գոտիների և առաջանցիկ զարգացման տարածքների ոլորտում:

Սուրեն Կարայանը ռուսաստանցի պաշտոնյաներին ներկայացրել է Armphone հայկական հեռախոսը` տրամադրելով մանրամասներ վերջինիս արտադրության վերաբերյալ: Լեոնիդ Կալաշնիկովն ասել է, որ լսել է Armphone-ի մասին և ուրախ է, որ Հայաստանը ՏՏ ոլորտում նման զարգացում է գրանցում:

Մեկնաբանել