«Ելք»-ը պատրաստ է համագործակցության այլ ուժերի հետ

«Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ձևավորված «Ելք» դաշինքն այսօր անցկացնում է իր առաջին համաժողովը։ Համաժողովին իր ելույթում «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նշեց, որ իշխանությունն այս ընտրություններում իր հույսը դրել է աղքատ խավի ձայները գնելու վրա։

«Իսկ եթե իշխանությունն իր սովորության համաձայն՝ զոռբայությամբ և բռնի ուժով կեղծիքների գնա, ապա այս ընտրությունների մասնակիցների քանակն ու առանձնահատկությունը հաշվի առնելով, բողոքողների ու հրապարակ դուրս եկողների թիվը շատ մեծ է լինելու՝ ներգրավելով անգամ իշխանության շարքերում «դաբրո» չստացածներին»,- հայտարարեց Արամ Սարգսյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն իր խոսքում հայտարարեց, որ անհրաժեշտ կոնսենսուսի առկայության դեպքում պատրաստ են համագործակցել քաղաքական բոլոր ուժերի ու անհատների հետ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ շեշտեց, որ «Ելք» դաշինքը «չի ստեղծվել այսինչին կամ այնինչին միանալու համար, այլ ստեղծվել է միավորելու ու ներառական պրոցեսներ սկսելու նպատակով»։ Մարուքյանը պնդում է՝ ընտրությունների միջոցով հնարավոր է Հայաստանում հասնել փոփոխությունների ու որպես նման օրինակ բերում է Վանաձորի կառավարման համակարգում ՀՀԿ-ի փոքրամասնություն լինելը։ «Փոփոխությունները գալիս են Հայաստան և գալիս են Հայաստան «Ելք» դաշինքի միջոցով»,- ասաց Մարուքյանը։

2016-ի հոկտեմբերին Գյումրիի և Վանաձորի ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստանը» մասնակցեցին առանձին-առանձին։ Քաղաքացիական պայմանագրի վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն ու «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը կոշտ քննադատում էին միմյանց։ Երկու ամիս անց, սակայն, նրանք հայտարարեցին, որ դա արել են ավելի մեծ գաղափարի համար, և «Հանրապետության» հետ միասին ստեղծեցին «Ելք» դաշինքը։

Մեկնաբանել