Վիկտոր Սողոմոնյանը հերքում է Ժիրայր Լիպարիտյանին՝ ԼՂ ղեկավարները «չէին համաձայնել փուլային կարգավորմանը»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հերքում է ՀՀ առաջին նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարտիյանի պնդումը, որ 1997-ին կայացել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում։

«Առավոտ» օրաթերթում Ժիրայր Լիպարիտյանը «Փաթեթային, փուլային և մոռացված պահեր» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ, ինչպես ինքն է պնդում, ներկայացրել է հանրությանը մինչ օրս անհայտ մի պատմություն: Ըստ հոդվածի, 1997թ. Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Սամվել Բաբայանը և Վազգեն Սարգսյանը կողմ են եղել Ղարաբաղյան կարգավորման փուլային այն տարբերակին, որն առաջարկել է Տեր-Պետրոսյանը (որն այնուհետ ըստ էության շարադրել է «Պատերազմ, թե Խաղաղություն» հոդվածում, և հենց նշված անձանց հետ տարաձայնությունների արդյունքում հրաժարական տվել):

Topnews.am կայքի հարցին, թե արյդոք ծանոթ է այդ հրապարակմանը և ինչպես կմեկնաբանի այն, Սողոմոնյանը պատասխանել է․

«Այո, ես ծանոթ եմ այդ հրապարակմանը և ավելին. ընթերցելուն պես քննարկել եմ այն և Ռոբերտ Քոչարյանի, և հիշատակված մյուս անձանցից ոմանց հետ: Միանգամից ասեմ, որ պրն. Լիպարիտյանի պատմածը որևէ առնչություն չունի իրականության հետ: Բացի անուն-ազգանուններից՝ մնացածը պարզապես սուտ է: Ոչ այդ կազմով ղարաբաղյան կարգավորման քննարկում է եղել, ոչ լողավազանի շուրջ անվտանգության խորհրդի նիստ, թեկուզ և ոչ պաշտոնական, ոչ էլ ընդհանրապես՝ փուլային տարբերակի ողջունման հավաք: Յուրաքանչյուր ոք, ով տեղյակ է իրողություններին և ճանաչում է Լիպարիտյանի ներկայացրած պատմության գործող անձանց, կհաստատի, որ դրա բովանդակությունը, մասնակիցների ասելիքը, իրար դիմելու ձևը, բառապաշարը՝ այս ամենը աղերս չունի իրականության հետ:
Այնպես որ, միակ հարցը, որ ծագում է այս հրապարակումից հետո, հետևյալն է. ինչ է սա՝ հիշողության աղճատում թե պատմական իրողությունները սեփական սխալներին հարմարեցնելու փորձ: Ցավոք, երկու տարբերակն էլ ավելի քան հնարավոր են»:

Ըստ Լիպարիտյանի, երբ քննարկելիս են եղել փուլային տարբերակը և յոթ շրջաններից Լաչինը պահելու հարցը, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանն առաջարկել է Քելբաջարն էլ փորձել պահել։

«Նա [Սամվել Բաբայանը] արդեն ոտքի էր կանգնել ու հենվել Քոչարյանի աթոռի թիկնակին,- գրում է Լիպարիտյանը։- Քոչարյանը դարձավ դեպի Բաբայանը (նա չէր կարող վերջինիս ուղիղ նայել, քանի որ այդ դիրքում անհրաժեշտ էր գլուխը շրջել 180 աստիճանով) և ասաց. «Է՞շ ես, ի՞նչ ես, ա՛յ տղա, Լաչինը դեռ չենք մարսել, հիմա Քելբաջա՞րն էլ ես ուզում»»:

Մեկնաբանել