Կիևն ու Բաքուն կբոյկոտեն Լեռնային Ղարաբաղից և Դոնբասից եկող ապրանքները

Ուկրաինան և Ադրբեջանը պայմանավորվել են թույլ չտալ այն ապրանքների մուտքը, որոնք արտադրված են Բաքվի և Կիևի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում․ այս մասին այսօր «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն։

«Պետրո Պորոշենկոյի՝ Բաքու կատարած այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները մաքսային կառույցների ղեկավարներին հանձնարարել են հանդիպել և քննարկել այն ապրանքների մուտքը, որոնք ներմուծվում են երկու երկրների օկուպացված տարածքներից։ Մաքսային կառույցների ղեկավարները հանդիպել և մշակել են մեխանիզմ, որով ապրանքներն այդ տարածքներից կարող են ներմուծվել այն դեպքում, եթե արտոնագրված են կենտրոնական իշխանությունների՝ Կիևի և Բաքվի կողմից»,- ասել է դեսպանը։

Այսպիսով, դեսպանի պարզաբանմամբ, Լեռնային Ղարաբաղում արտադրվող ապրանքները կարող են Ուկրաինայի սահմանը հատել միայն Բաքվի հավանությամբ։ Նմանատիպ սխեմա է կիրառելու նաև Ադրբեջանը Դոնբասից եկող ապրանքների համար։

«Օրինակ, շամպայնի պիտակի դեպքում եթե այնտեղ գրված է «Ուկրաինա, Արտեմովսկի գործարան (Դոնբաս)», ուրեմն ամեն ինչ նորմալ է, իսկ եթե ինչ-որ մի «Նովոռոսիա», ապա, բնականաբար, Ադրբեջանն այն չի ընդունելու։ Միևնույն մոտեցումը կիրառվում է Լեռնային Ղարաբաղից ապրանքների դեպքում»,- նշել է ուկրաինացի դիվանագետը՝ հավելելով, որ համապատասխան փաստաթուղթը ստորագրել են մաքսային կառույցների ղեկավարները։

Բաքուն զենք գնողից վերածվել է զենք արտադրողի․ Կիև

Երեկ Միշչենկոն լրատվամիջոցներին տեղեկացրել էր նաև փետրվարին Բաքվում կայանալիք՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով ադրբեջանա-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստի մասին։

Նա ասել էր, որ Ուկրաինայից Բաքու կժամանի մեծ պատվիրակություն։

«Ռազմատեխնիկական ոլորտը մեր խոր համագործակցության, հարաբերությունների ցուցիչն է։ Բոլոր ժամանակներում ռազմատեխնիկական համագործակցությունը կարևոր տեղ է զբաղեցրել մեր երկրների հարաբերություններում։ Դա փոխադարձ վստահության ցուցիչ է։ Մենք դիմում ենք Ադրբեջանին այնտեղից որոշակի տեսակի զենքի և զինամթերքի ներմուծման համար»,- ասել էր դեսպանը։

«Ռիա նովոստի» գործակալության հարցմանն ի պատասխան՝ Բաքվում Ուկրաինայի դեսպանությունից պարզաբանել են, որ Ադրբեջանը «հասել է այն մակարդակին, որ զենք գնող երկրից վերածվել է զենք արտադրողի»։

Ինչպես նկատում է «Նովայա գազետա» պարբերականը, Կիևը Բաքվից ակնկալում է Լեռնային Ղարաբաղի հարցում իր դիրքորոշման դիմաց հատուցում և յուրահատուկ ռազմատեխնիկական «երախտիք»։

Պորոշենկոն խոստացել էր չճանաչել Լեռնային Ղարաբաղը

Անցյալ տարվա հուլիսին Բաքվում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն անձամբ հավաստիացրել էր ադրբեջանցի իր պաշտոնակից Իլհամ Ալիևին, որ Կիևը չի ճանաչել և չի ճանաչելու Լեռնային Ղարաբաղը և ողջունում է Բաքվի համանման դիրքորոշումը Ղրիմի հարցում։

Պորոշենկոն, մասնավորապես, ասել էր, որ Ուկրաինան «բացարձակապես անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանումը»։ Երկու ղեկավարները շեշտել էին նաև ռազմատեխնիկական համագործակցության զարգացմամբ իրենց շահագրգռվածությունը։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել