Հայաստանում աբորտների թիվը նվազել է

2016թ․՝ 2005թ․ համեմատ, 3 անգամ նվազել է աբորտների թիվը

Հայաստանում ծնված աղջիկ և տղա երեխաների միջև տարբերությունը նվազել է։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ եթե 2012-ին ծնված 100 աղջկա դիմաց ծնվել էր 114 տղա, ապա 2016-ին 100 աղջկա դիմաց ծնվել է 112 տղա։

Այնուամենայնիվ այս ցուցանիշը վատ է համարվում, և Հայաստանը ծնված տղաների ու աղջիկների միջև տարբերության ցուցանիշով աշխարհում ամենավատ դիրքում գտնվող երկրների թվում է։

Բնականոն է համարվում 102-106 տղա`100 աղջկա դիմաց հարաբերակ­ցությունը:

Առաջընթաց կա նաև հղիության ընդհատումների քանակի նվազման հետ։ 2005թ․ համեմատ 3 անգամ նվազել է աբորտների քանակը։

Հայաստանում բնակչության 12%-ն է ընդունելի համարում սեռով պայմանավորված հղիության ընդհատումները` ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) «Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում 2016» զեկույցի։ Ի դեպ, ավելի մեծ թվով կանայք (13%), քան տղամարդիկ (11%) են ընդունելի համարել սեռով պայմանավորված աբորտները։

Աղջիկ պտղի հեռացումն ընդունելի համարողների թիվը ավելի մեծ է գյուղական վայրերում։ Գյուղերում հարցվածների 18%-ը, իսկ քաղաքներում 13%-ն է ընդունելի համարում սեռով պայմանավորված հղիության ընդհատումները։

Հետազոտության համաձայն՝ որքան ցածր է հարցվողի կրթական մակարդակը, այնքան շատ են աղջիկ պտղի հեռացումն ընդունողները: Ի դեպ հղիության ընդհատման համար ավելի ընդունելի են համարվել նյութական, ֆինանսական և սոցիալական պատճառները։ Հարցվողների 44 և 48 տոկոսը համապատասխանաբար ընդունելի են համարում հղիության ընդհատումը, եթե ընտանիքը համապատասխանաբար չի կարող պահել ևս մեկ երեխայի և արդեն ունի բավական երեխաներ։

Պտղաբերության ցուցանիշը, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, մեկ կնոջ հաշվով կազմում է 1.4 երեխա՝ այն դեպքում, երբ բնակչության պարզ վերարտադրության ապահովման համար անհրաժեշտ է 2.1 երեխա:

Ժաննա Ուլիխանյան

Մեկնաբանել