Ահաբեկչություն Լոնդոնում․ 5 զոհ, 40 վիրավոր

Երեկ Լոնդոնի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, տեղի ունեցած ահաբեկչական հարձակման արդյունքում զոհվել է հինգ մարդ, ավելի քան քառասունը վիրավորվել են, հաղորդում է BBC-ն։ Ոստիկանությունը կարծում է, որ Վեսթմինսթերի կամրջի վրա անցորդներին վրաերթի ենթարկած և ոստիկանին սպանած հանցագործը կարող էր կապված լինել արամատական իսլամիստների հետ։

Մարտի 22-ին չարագործը մեքենայով միտումնավոր վրաերթի է ենթարկել Վեսթմինսթերի կամրջի վրա քայլող մարդկանց, արդյունքում երեք հոգի տեղում մահացել է։ Մեքենան ապա թեքվել է դեպի խորհրդարանի շենքը և մխրճվել Վեսթմինսթերի պալատի պատի մեջ։ Մեքենայի վարորդը դուրս է եկել և վազել դեպի խորհրդարանի շենքը, որտեղ նրան փորձել են կասեցնել ոստիկանները։ Հանցագործը դանակահարել է ոստիկաններից մեկին, որից հետո վրա հասած երկրորդ ոստիկանը հրազենով չեզոքացրել է մարդասպանին։ Դանակահարված ոստիկանը ստացված վնասվածքներից մահացել է։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեղի ունեցածն անվանել է հրեշավոր հարձակում։ Ահաբեկչությունից հետո նա գումարել է կառավարական՝ արտակարգ իրավիճակների հանձնաժողովի արտահերթ նիստ։ Երկրում ահաբեկչական վտանգի մակարդակը գնահատվում է որպես շատ բարձր, ինչը նշանակում է, որ մեծապես բարձր է նոր հարձակումների հավանականությունը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ և աջակցություն հայտնել ահաբեկչության դեմ պայքարում միջազգային ջանքերին։

Մեկնաբանել