Գերմանիան սպառնում է դուրս բերել Ինջիրլիքի իր զորակազմը, Թուրքիան չի պատրաստվում նրան «համոզել»

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ի իր պաշտոնակից Ռեքս Թիլերսոնի հետ դեմ առ դեմ հանդիպումն օգտագործել է՝ խնդրելու Վաշինգտոնին լուծել Թուրքիայի հետ Ինջիրլիք ռազմակայանի հետ կապված խնդիրը։

Ինչպես հաղորդում է Deutsche Welle պարբերականը, Գաբրիելն ասել է, որ ակնկալում է ԱՄՆ-ից դիմագրավել Ինջիրլիքի հարցում Անկարայի բացասական դիրքորոշմանը։

«Ես վստահ եմ, որ ամերիկացիները նույնպես կօգտագործեն իրենց ունեցած հնարավորությունները խոսելու թուրքական կողմի հետ և հասկացնելու, որ մենք պետք է ունենանք այլ հարաբերություններ, քան այժմ են»,- նշել է Գաբրիելը։

Օրերս Թուրքիան հերթական անգամ չի թույլատրել գերմանական պատվիրակության մուտքը Ինջիրլիքի ռազմակայան։

Գերմանիան ի պատասխան հայտարարել է, որ մտորում է Ինջիրլիքից իր զորակազմը դուրս բերելու մասին՝ որպես այլընտրանքային տարբերակ համարելով Հորդանանը։

Անկարան հիմնավորում է իր դիրքորոշումը նրանով, որ Գերմանիան ապաստան է տրամադրել անցյալ տարի Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող զինվորականներին։

NTV մասնավոր հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան Գերմանիայի առաջ բացել էր Ինջիրլիքը «զուտ Իսլամական պետության դեմ կոալիցիայի գործողությունների շրջանակում, և եթե նրանք ուզում են դուրս գալ՝ նրանց գործն է․ Թուրքիան մտադիր չէ նրանց համոզել»։

Չավուշօղլուն միևնույն ժամանակ հիշեցրել է, որ գերմանական որոշ տեղական իշխանություններ թուրք նախարարներին չէին թույլատրել հանրահավաքներ անցկացնել իրենց տարածքում՝ Թուրքիայում սահմանադրական հանրավքեից առաջ։

«Եթե մեր արածը շանտաժ է, ապա նրանց արածն ի՞նչ էր»,- հարցադրում է արել Չավուշօղլուն։

Հաղորդվում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ինջիրլիքի հարցը բարձրացնելու է անմիջապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը, որը կայանալու է հաջորդ շաբաթ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում։ Նախատեսվում է, որ գագաթաժողովին մասնակցելու է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թուրք-գերմանական հարաբերությունները մեկ տարուց ավելի է՝ լարված են։ Անցյալ տարվա հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմամբ վրդովված Թուրքիան թույլ չէր տվել գերմանացի խորհրդարանականների մուտքը Ինջիրլիքի ռազմակայան։ Գերմանիան ի պատասխան հայտարարել էր, որ հետ կկանչի իր զորակազմը։ Հարաբերությունների սրման է նպաստել նաև այն, որ Գերմանիան ու մի շարք եվրոպական երկրներ Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից առաջ թուրք պաշտոնյաներին չեն թույլատրել իրենց տարածքներում հանրահավաքներ անցկացնել։

Թուրքիայի Ինջիրլիք ռազմակայանում տեղակայված է Բունդեսվերի մոտ 270-հոգանոց զորակազմ։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել