Ես Թուրքիայի պայծառ ապագա չեմ տեսնում․ Գյուլենի հարցազրույցը NPR-ին

2016թ․ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման փորձ, որի նպատակն էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տապալումը։ Փորձը ճնշվեց, սակայն արձագանքն ու հետևանքները Թուրքիան զգում է մինչև այսօր։ Իշխանության սկսած զանգվածային մարդորսի արդյունքում երկրով մեկ աշխատանքից հեռացվեցին և ձերբակալվեցին ու դատապարտվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, շատերը՝ շինծու մեղադրանքներով։ Էրդողանի գլխավոր թիրախը, սակայն, իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենն է, որին նա մեղադրում է հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։ Գյուլենը, որը, ըստ պնդումների, ունի միլիոնավոր համախոհներ Թուրքիայում, վճռականորեն հերքում է իր պատասխանատվությունը հեղաշրջման փորձի համար, սակայն Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է արտահանձնել քարոզչին, որը բնակվում է Փենսիլվանիայում 1990-ականների վերջից։ Օրերս Ֆեթուլլահ Գյուլենը բացառիկ հարցազրույց է տվել ամերիկյան NPR-ի Ռոբերտ Սիգըլին։ Հարցազրույցից հատվածներ ներկայացված են ստորև։

Էրդողանի մեղադրանքների մասին

Մինչև այսօր ես դեմ եմ եղել բոլոր հեղաշրջումներին։ Մի կողմ դրած իմ հարգանքը զինվորականության հանդեպ՝ ես միշտ դեմ եմ եղել միջամտություններին։ Ես չեմ ճանաչում մարդկանց, ովքեր կազմակերպել են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը։ Նրանք, հնարավոր է, ինձ ճանաչում են, հնարավոր է, այցելել են իմ դասախոսություններին՝ տեղյակ չեմ։ Հազարավոր մարդիկ եկել են այստեղ այցելության, որոնց թվում՝ խորհրդարանի 50 անդամ, նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, արտաքին գործերի նախկին նախարար Ահմեթ Դավութօղլուն․․․ Այդ պատճառով շատ մարդիկ կարող են ինձ ճանաչել, սակայն ես նրանց՝ ոչ․․․

Մյուս բանն այն է, որ ես ապրում եմ այստեղ՝ Թուրքիայից հազարավոր մղոններ հեռու։ Եթե հումորով վերաբերվեմ այդ գաղափարին, ապա՝ եթե այդ զինվորներից մեկը ինձ զանգած և պատմած լիներ մտադրության մասին, ես նրան կասեի՝ «Դու սպանություն ես գործում»։

Թուրքիայի՝ արտահանձման պահանջի մասին

Կարծում եմ՝ Միացյալ Նահանգները ուշադիր և խնամքով է վերաբերվում ժողովրդավարության ու օրենքի գերակայության համար վայելած իր հեղինակությանը, և եթե ուզում է վտանգել այդ հեղինակությունը և արտահանձնել ինձ Թուրքիայի պահանջի և պնդումների հիման վրա, ես երբեք «ոչ» չեմ ասի։ Ես սիրով կգնամ։

Ես իմ կյանքի մայրամուտին եմ, անգամ եթե որոշեն ինձ սպանել կամ թույնել կամ վերականգնել մահապատիժը՝ ինձ կախելու համար։ Երբ ժամանակին երիտասարդ իմամ էի, ներկա էի երկու տղամարդկանց պատժին, և հարցրեցի նրանց վերջին ցանկության մասին։ Եթե ինձ հարցնեն՝ որն է իմ վերջին ցանկությունը, ես կասեմ՝ ուզում եմ թքել այն մարդու երեսին, որն այս բոլոր տառապանքների պատճառ դարձավ և ճնշեց հազարավոր անմեղ մարդկանց։

Իր կազմակերպության գաղտնի լինելու մեղադրանքների մասին

Ընկալումը, որ ես վերահսկում եմ այս ամենը․․․․ մարդկանց ասում եմ, որ ինչ-որ բան անեն և նրանք անում են․․․ նման բան չկա։ Ինչպես ասել եմ մի օրենսդրի, եթե կա գաղտնիության կասկած, պետք է հետաքննեն և բացահայտեն։

Փենսիլվանիայում տեղակայման պատճառների մասին

Նախքան այստեղ գալը, միշտ ապրել եմ Թուրքիայում և առերեսվել բազմաթիվ դժվար իրավիճակների և թիրախավորվել բազմաթիվ ռազմական հեղաշրջումներում, որոնք տեղի են ունեցել տարիների ընթացքում․․․ Ես երբեք իսկապես չեմ ուզել հեռանալ Թուրքիայից, սակայն սրտի խնդիրներ ունեի և «Մայո» կլինիկայի սրտաբանն ինձ խորհուրդ տվեց, որ գամ այստեղ և բուժվեմ։ Այսպիսով տեղափոխվեցի այստեղ և մինչև հիվանդանոցում էի, Թուրքիայում դատախազը իմ դեմ գործ բացեց։ Ինձ խորհուրդ տվեցին մնալ այստեղ մինչև ամեն ինչ կարգավորվի, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։

Չեմ ուզում հավակնոտի տպավորություն թողնել` ամերիկյան պարբերականի հետ զրուցելու և այն բանի համար, որ հիմա կասեմ, բայց ես միշտ հիացել եմ Միացյալ Նահանգներով նրա ժողովրդավարության և աշխարհում առաջնորդ լինելու հանգամանքով։ Ես այստեղ ազատություն եմ ունեցել և դրա համար եմ որոշել մնալ այստեղ։ Մի քանի տարի անց ստացա իմ մշտական կեցության իրավունքը։ Մինչև այսօր այստեղ եմ, և կարծում եմ՝ դա խելամիտ որոշում էր։

Իր շարժման ապագայի վերաբերյալ կանխատեսումների շուրջ

Էրդողանը կարծում է, որ եթե վերացնի ինձ, այս շարժման յուրաքանչյուր անդամ կվերանա․․․ Էրդողանը կարծում է, որ եթե ձերբազատվի ինձնից, վերջ կտա շարժմանը։ Ավելի սխալ լինել չէր կարող։ Մենք մահկանացու ենք, մի օր մահանալու ենք։ Սակայն սա սիրո և մարդկությանը նվիրվածության շարժում է, մարդիկ, որոնք օգտագործում են իրենց բանականությունն ու ազատ կամքը, պետք է շարունակեն անել իրենց մեծ աշխատանքը։

Թուրքիայի ապագայի մասին

Ես ոչ սոցիոլոգ եմ, ոչ էլ՝ հոգեբան, սակայն պարտադիր չէ լինել դրանցից որևէ մեկը՝ տեսնելու, որ Թուրքիան խնդիրների մրրկի մեջ է՝ մեկուսացած աշխարհից։ Դիվանագիտությունը փոխարինվել է շահերով։

Ամբողջ աշխարհն է սրա ականատեսը։ Այս տեսանկյունից ես Թուրքիայի պայծառ ապագա չեմ տեսնում։ Ինձ դա ցավ է պատճառում, բայց որոշ հույս ունեմ, և աղոթում եմ, որ ավելի լավ լինի։ Թուրքիան օրհնված երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ, ԵՄ-ի թեկնածու էր։

Թուրքիան բազմազան երկիր է․․․ Կարծում եմ՝ ժողովրդավարությունը կատարյալ համակարգ է մի երկրի համար, որը նման սոցիալական հիմքեր ունի։

Ես նախկինում էլ եմ ասել, որ Թուրքիայի սահմանադրությունը պետք է ձևավորվի ամերիկյանի մոդելով։ Ամերիկան ունի 300 մլն մարդկանցից բաղկացած ոչ միատարր հանրություն, որը կառավարվում է այդ սահմանադրությամբ։ Դա շատ արդյունավետ կլիներ Թուրքիայի համար։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել