Օսման Քավալային ազատելու խնդրագիր Թուրքիայի նախագահին, վարչապետին

Միջազգային հեղինակավոր մի շարք գործիչներ խնդրագիր են ուղղել Թուրքիայի նախագահին, վարչապետին և խորհրդարանի խոսնակին՝ վերանայելու թուրք իրավապաշտպան, հասարակական գործիչ Օսման Քավալայի գործը։

«Մենք միջազգային ցանցի գործիչներ ենք, որոնց միավորում է 2014թ․ Զալցբուրգի գլոբալ սեմինարի՝ «Հակամարտությունների տրանսֆորմացիան մշակույթի միջոցով։ Խաղաղարարությունն ու արվեստը» ծրագիրը։ Մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք ուղղում Թուրքիայի նախագահին, վարչապետին և Ազգային մեծ ժողովի նախագահին հրատապության կարգով վերանայելու Օսման Քավալայի գործը»։

Կոչը ստորագրածների թվում են Անվար Ախթարը (Anwar Akhtar)` պակիստանյան ծագում ունեցող բրիտանացի գրող և լրագրող; Թինա Էլեն Լին (Tina Ellen Lee)` European Citizen’s Prize-ի պրոդյուսեր և գեղարվեստական տնօրեն; Մայքլ Լեսսաքը (Michael Lessac)` սցենարիստ և ռեժիսոր; Թոմաս դե Վաալը՝ բրիտանացի գրող և լրագրող և շատ ուրիշներ։

«Մենք ներկայացնում ենք կազմակերպություններ և նախաձեռնություններ, որոնց նպատակն է մշակույթի և ստեղծարար արվեստի միջոցով բարելավել տարբեր հանրույթների միջև փոխըմռբնումն ու կյանքը և հնարավորինս նպաստել հակամարտությունների լուծմանը։ Մենք ոչ քաղաքական խումբ ենք։ Մենք բոլորս ձգտում ենք լինել հավատարիմ քաղաքացիներ այն երկրների, որտեղ ապրում ենք․․․

Օսման բեյը մեր համայնքի ականավոր անդամ է։ Նա բարձր սկզբունքների մարդ է։ Նա համեստագույն անձնավորություն է՝ խստորենս արդարություն փնտրող և արդյունավետ այն ամենում, ինչ անում է, նվիրյալ հոգատար և աներևակայելի առատաձեռն։ Օսման բեյը լավագույնս ներկայացնում է այն, որ մենք՝ որպես ոչ պաշտոնական խումբ, կարող ենք առաջարկել․ նա նաև հրաշալի դեսպան է թուրքական մշակույթի և թուրքական կենսակերպը բնորոշող կարեկացանքի, սիրո, արդարության, հանդուրժողականության և մարդկային արժանապատվության»,- ասված է կոչում։

Թուրք իրավապաշտպան, հասարակական գործիչ Օսման Քավալան ձերբակալվել է հոկտեմբերի 18-ին՝ Ստամբուլի օդանավակայանում։ Թուրքիայի իշխանությունները Քավալային կասկածում են 2016թ․ հուլիսի ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ։

Մեկնաբանել