Ադրբեջանում հոգևորականները պետությունից աշխատավարձ կստանան

Ադրբեջանի մահմեդական հոգեւորականությունը շուտով աշխատավարձ կստանա պետության կողմից ֆինանսավորվող նոր կազմակերպությունից։ Այդ մասին հայտարարել է կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Ղուրբանլին, գրում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv կայքը: Մշակութային արժեքների խթանման հիմնադրամը կսկսի գործել հունվարից, իսկ հոգևորականները կարող են իրենց աշխատավարձերը ստանալ փետրվարից սկսած։

Ղուրբանլիի խոսքով՝ ներկայում քննարկվում է, թե որքան պետք է լինեն այդ աշխատավարձերը և ով պետք է այն ստանա․ «Կովկասի մահմեդականների վարչության կողմից նշանակված իմամները, իմամների օգնականներն ու այլ անձինք կստանան աշխատավարձը խորհրդի առաջարկով»:

Meydan․TV-ի հետ զրույցում Մեծ կառույց կուսակցության առաջնորդ Ֆազիլ Մուստաֆան մեկնաբանել է այն պահանջները, որ հիմնադրամը կներկայացնի հոգևորականներին: «Այս աջակցության դիմաց նրանք պարտավոր են պայքարել անտեղյակության տարածման դեմ և մարդկանց կրթելու հարցում: Հետևաբար, դրա հետևում թաքնված ոչ մի այլ մտադրություն չկա, և նրանք չեն ստանա այնքան գումար, որքան պաշտոնյաները: Դրական կողմն այն է, որ հոգևորականներն այլ պետություններից չեն ստանա որևէ նվիրատվություն կամ աշխատավարձ»:

Մուստաֆան չի կարծում, որ այս քայլով պետությունն իր վերահսկողության տակ կվերցնի կրոնը։ Պատգամավորի խոսքով՝ այդ քայլն արվել է անվտանգության նկատառումներից ելնելով: «Սա անտեսելու դեպքում կարող է աճել կրոնական արմատականությունը և այլ պետությունների ազդեցությունը», – ասել է Մուստաֆան:

Զառա Պողոսյան

Մեկնաբանել