Ղարաբաղ. ինչպիսի՞ն կլինի իրավիճակը 2018-ին

Վաշինգտոնում բնակվող լրագրող և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Էմիլ Սանամյանը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտական ինստիտիտուտի՝ Լեռնային Ղարաբաղին նվիրված էջում հոդված է հրապարակել 2018 Ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր զարգացումների վերաբերյալ։

«Ղարաբաղ. 2018-ը համեմատաբար հանգի՞ստ կլինի» վերնագրված հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

2017-ը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ սկսվեց սարսափելի կանխատեսումներով: Փետրվարին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն Արտաքին հարաբերությունների խորհրդի համար գրել էր. «Առաջիկա 12 ամիսների ընթացքում հայերի և ադրբեջանցիների միջև բախման հավանականությունը բարձր է»:

Մարտին Միջազգային ճգնաժամային խումբը զգուշացրել էր 2016 թ. ապրիլի պատերազմից հետո «ավելի վտանգավոր կռվի իրական վտանգի» և «դիմակայության նոր մոլուցքի» մասին:

2017 թ. փետրվար-հուլիս ամիսներին սահմանի երկայնքով պատերազմական լարվածության ուժեղացումը կարծես սկսեց արդարացնել այդ մտավախությունները: Փետրվարի վերջին շփման գծի երկայնքով եղան հրետանային կրակով ուղեկցվող երկու ծանր հարձակումներ: Մայիսին Ադրբեջանը հրատարակեց Հայաստանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումի վրա իր կառավարվող հրթիռային հարձակման տեսագրությունը: Հունիսին զոհվեցին Հայաստանի զինված ուժերի չորս զինծառայողներ՝ Հայաստանի Ազգային ժողովի նորընտիր նախագահի այցելությունից կարճ ժամանակ անց տեղի ունեցած հրետակոծության արդյունքում, իսկ հուլիսին հայկական կողմի ականակոծության հետևանքով սահմանային գյուղում կնոջ ու երեխայի մահից հետո Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ դրոններով զինված հարձակումներ իրականացրեց։ Ապա ամեն ինչ լռեց։

Միջադեպերի քանակի և զոհերի առումով 2017-ը, ըստ էության, ավելի խաղաղ էր, քան նախորդ երեք տարիները։ Անցյալ տարվա մարտական զոհերի թիվը երկու կողմերի համար էլ մոտ էր 50-ին՝ ի տարբերություն 2016-ի ավելի քան 220-ի, 2015-ի 90-ի և 2014-ի 60 զոհերի: 2017 թ. մեծ մասը պայքարը սահմանափակվեց 2013թ. և ավելի վաղ եղած մանր բախումների ոճով։

Տարեվերջին դիվանագիտական շփումների վերսկսումը վկայեց ռազմական գործողությունները ժամանակավոր դադարեցնելու երկու կողմերի որոշման մասին։ Այնուամենայնիվ, չեղան համաձայնության գալու ոչ մի իրական հեռանկար, հրադադարի ռեժիմի ամրապնդման նոր մեխանիզմներ և հրադադարի խախտումների դեպքում երրորդ կողմի պատժամիջոցներ։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը պահպանեց ռազմական առավելության ու ստատուս քվոյի նկատմամբ դժգոհության համադրությունը։

Այսպիսով, ի՞նչն է փոխվել 2016-ի և 2017-ի միջև, որը կարծես կայունացրել է անվտանգային միջավայրը, և արդյո՞ք այդ միտումը կարող է պահպանվել:

Ակնհայտ տարբերությունն այն էր, որ նավթի գինը 2016թ. սկզբին 30 դոլարից 2017 թ. կեսերին հասավ մոտ 50 դոլարի։ Սա նպաստեց Ադրբեջանում տնտեսական իրավիճակի կայունացմանը. 2017 թ. չեղան սոցիալական խոշոր բողոքներ՝ ի տարբերություն 2016թ. սկզբի։ Եթե, ինչպես շատերն են կարծում, Ադրբեջանի կառավարությունը Ղարաբաղում իրավիճակի սրացումներն օգտագործում է որպես երկրի ներսում լարվածության թոթափման և քաղաքական մարտահրավերների դեմ պայքարի միջոց, անցյալ տարվա փորձը չհերքեց այդ թեզը:

2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ հաճախ հիշատակվող աշխարհաքաղաքական գործոնը կապված էր Սիրիայի հարցում 2015թ. սկզբից մինչև 2016թ. կեսերը ռուս-թուրքական լարվածության հետ։ Այդ կարճատև պատերազմում թուրք ղեկավարները բացահայտորեն աջակցում էին Ադրբեջանին, և բազմաթիվ հայ և ռուս մեկնաբաններ կասկածում էին, որ Անկարան նույնիսկ կարող էր Բաքվին խրախուսել պատերազմ սկսել։

2016 և 2017 թթ. միջև մեկ այլ տարբերություն էր ադրբեջանա-ռուսական հարաբերություններում ակնհայտ սառեցումը: Ռուսաստանը, ըստ երևույթին, մի փոքր նվազեցրել է զենքի վաճառքը Ադրբեջանին (թեև միլիարդավոր դոլարների հասնող վաճառքից հետո, հնարավոր է, որ Ադրբեջանը արդեն գնել է այն ամենը, ինչ ուզում էր գնել): Լարվածություն եղավ նաև մայիսին Իլհամ Ալիևի փեսայի` Ռուսաստանում գործող ադրբեջանական լոբբիստական կազմակերպության փակումից և հուլիսին Ադրբեջանում Ռուսաստանի առաջարկած դեսպանի թեկնածության մերժումից հետո:

Կային նաև կայունացման ռազմա-տեխնիկական կողմերը։ Ադրբեջանի հատուկ ուժերի ստորաբաժանումները, որոնք 2012-14 թթ. իրականացնում էին դիվերսիոն գործողությունների մեծ մասը, 2016 թ. ապրիլին մեծաքանակ զոհեր ունեցան, և ինչպես ցույց տվեց 2017 թ. փետրվարի տեսագրությունը, նրանք այլևս չէին կարող անակնկալ թափանցել, ինչպես նախկինում։ Դա իր հերթին, ավելի մեծ կարևորություն հաղորդեց հրետանուն, այդ թվում՝ կառավարվող հրթիռներին և զինված դրոններին՝ որպես հայկական ուժերի սանձման նախընտրելի ձև: Բայց սա նաև ադրբեջանական ուժերին և ճակատամերձ բնակչությանը դնում է հայկական կողմի հարձակման ռիսկի տակ: Բացի դրանից, օգոստոսին Իսրայելի կառավարությունը չեղարկեց Ադրբեջանին հարվածային դրոններ մատակարարող ընկերության լիցենզիան, որը ևս հնարավոր է՝ ազդել էր Ադրբեջանի ռազմական ծրագրերի վրա:

Ի վերջո, 2017 թ. մայիսից սկսած՝ ադրբեջանական բանակի ճակատային ստորաբաժանումներին ցնցեցին հայ ենթադրյալ լրտեսների հարցով աննախադեպ ճնշումները: Ըստ լուրերի՝ հարյուրավոր մարդիկ ձերբակալվեցին, և առնվազն կես տասնյակ մարդիկ, այդ թվում՝ երկու սպա, մահացան կալանքի տակ:

2018 թ. Հայաստանում կլինի սահմանադրական անցման տարի, իսկ Ադրբեջանում սպասվում են նախագահական ընտրություններ: Նախորդ ընտրությունների տարիներին (2008 և 2013 թթ.) նկատվում էր ճակատային կորուստների հարաբերական կրճատում, ուստի ընթացիկ դե-էսկալացիոն միտումը, հավանաբար, կշարունակվի, մինչև մեկ այլ բան փոխվի:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Read the article in English

Մեկնաբանել