Նազարբաևն այցելում է ԱՄՆ. օրակարգում՝ առևտրային համաձայնագրեր, ներդրումների քննարկում

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Միացյալ Նահանգներ։ Նախատեսվում են Նազարբաևի հանդիպումները նախագահ Դոնալդ Թրամփի, ԱՄՆ-ի պաշտոնական ու գործարար շրջանակների հետ։ Ղազախստանի ղեկավարը մասնակցելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որի արդյունքներով, ըստ ղազախական մամուլի, ակնկալվում է ռազմավարական գործընկերության վերաբերյալ «մի քանի մլրդ դոլարի» համաձայնագրերի կնքում։

Ամերիկյան The Hill քաղաքական օրաթերթի սյունակագիրները գրում են, որ Նազարբաևի այցը Վաշինգտոն ցույց է տալիս, թե «որքան հեռու է գնացել այս երկիրը անկախության նվաճումից հետո կարճ ժամանակահատվածում»։

Հեղինակները շեշտում են, որ Միացյալ Նահանգներն ու Ղազախստանը ունեն լավ համագործակցություն անվտանգության ու հետախոզության ոլորտներում։

Հաղորդվում է, որ ամերիկյան Chevron էներգետիկ ընկերությունը վերջերս մոտ 37 մլրդ դոլար է ներդրել Ղազախստանի «Թենգիզ» հանքավայրում։

The Hill-ը նաև տեղեկացնում է, որ ղազախ առաջնորդն այցի ընթացքում հանդիպելու է Նյու Յորքի Wall Street-ի ներդրողների հետ։ Հանդիպման նպատակն է ներդրումներ գրավել Աստանայի նոր արժութային շուկա և դիվերսիֆիկացնել Ղազախստանի տնտեսությունը՝ վաճառելով երկրի առաջատար ընկերություններից որոշների բաժնեմասեր։

Նազարբաևի ամերիկյան այցի նախաշեմին Ղազախստանի նախագահականը հրապարակել է ԱՄՆ նրա առաջին այցի տեսանյութը (1992թ․), որում Միացյալ Նահանգների 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագի հետ քննարկվում է անկախ Ղազախստանում առաջին ներդրողներից մեկի՝ Chevron-ի հետ համաձայնագրի կնքումը։

Ղազախստանը Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի ու Ղրղզստանի հետ միասին։

Լուսանկարում՝ Նուրսուլթան Նազարբաև և ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագ, 1992թ․

Մեկնաբանել