Սերժ Սարգսյանն ասել է՝ ինչպիսին պետք է լինի ապագա նախագահը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր նստավայրում հանդիպում է ունեցել մի խումբ մտավորականների հետ:

Հանդիպմանը Սերժ Սարգսյանը, ներկայացնելով իր պատկերացումը Հանրապետության ապագա նախագահի մասին, նշել է, որ կարծում է՝ խոսք պետք է լինի մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս: Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել:

Հանդիպման սկզբում նախագահը, նշելով, որ անցած տարիներին պարբերաբար հանդիպումներ է ունեցել մտավորականության ներկայացուցիչների հետ, ևս մեկ անգամ ընդգծել է երկրի կյանքում մտավորականության դերն ու առաքելությունը և առաջարկել բաց ու անկաշկանդ մթնոլորտում խոսել Հայաստանի և նրա ապագայի մասին հատկապես Սահմանադրության փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի պայմաններում` ակնկալելով լսել մտավորականների տեսակետները, առաջարկությունները, ինչպես նաև մտահոգություններն ու գնահատականները երկրի իրականության վերաբերյալ:

Մտավորականների հետ հանդիպմանը նախորդել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման և մեծարման հանդիսավոր արարողությունը:

Մեկնաբանել