Կրակովում միջնորդների մասնակցությամբ տեղի է ունեցել Նալբանդյան-Մամեդյարով հերթական հանդիպումը

Հունվարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։ Այն մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվել է առանձնազրույցի ձևաչափով։

Հանդիպմանը շարունակվել են անցյալ դեկտեմբերին կայացած քննարկումները՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը կոչ է արել Ադրբեջանի իր գործընկերոջը հետևել համանախագահների՝ հրադադարի համաձայնագրերը անշեղորեն հարգելու կոչերին, կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատել հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին, ինչը կարող է ճանապարհ հարթել բանակցային գործընթացի առաջ մղման համար։

Ժնևի գագաթաժողովին նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարաները և համանախագահները քննարկել են հակամարտության գոտում լարվածության նվազեցման ուղղությամբ հավելյալ քայլերի իրականացումը և բանակցային գործընթացի ակտիվացման հնարավորությունները։

Սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը։

Հանդիպման արդյունքում որոշվել է, որ փետրվարի առաջին կեսին եռանախագահները կայցելեն տարածաշրջան։

Մեկնաբանել