Հայ ֆուտբոլիստի՝ «Արսենալ» չտեղափոխվելու մոռացված պատմությունը

Հայաստանի հավաքականի առաջատար կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 22-ին «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»։ Նա երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել անգլիական հայտնի ակումբի հետ ու հայտարարել, թե «Արսենալ» տեղափոխվելով իր երազանքը կատարվել է։ Մխիթարյանը երկրորդ հայ ֆուտբոլիստն է, որի հետ «Արսենալը» երբևէ բանակցություններ է վարել։

Հայաստանի ֆուտբոլային անցուդարձին քաջատեղյակ մարդիկ կհիշեն մի դեպք, երբ 90-ականներին Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ հարձակվող Արթուր Պետրոսյանը, ով հանդես էր գալիս Գյումրիի «Շիրակում», հնարավորություն ուներ խաղալու «Արսենալում»։ Ավելին՝ անգլիացիները գյումրեցի հարձակվողին ձեռք բերելու համար 1996-ին սկսել էին բանակցություններ։ Պետրոսյանն անգամ փորձաշրջան էր անցել, սակայն բանակցությունները հետո տապալվել էին։

Պետրոսյանը 1989-2000 թվականներին հանդես էր գալիս Գյումրիի «Շիրակում»։ Տասնմեկ տարվա ընթացքում Պետրոսյանը «Շիրակի» կազմում խփել էր 142 գոլ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Շիրակ» ակումբը հաստատում են՝ «Արսենալը» հետաքրքրված էր Պետրոսյանի ծառայություններով, սակայն Պետրոսյանի՝ «Արսենալ» տեղափոխվելուն խոչընդոտել է ֆեդերացիայի նախկին ղեկավարությունը։

2016-ի նոյեմբերին, երբ Արթուր Պետրոսյանը դարձավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, խոսեց «Արսենալ» չտեղափոխվելու պատճառների մասին. «…երեկոյան ես «Արսենալից» ստացել եմ պայմանները՝ հինգ ամիս վարձավճար պլյուս երեք տարի, իսկ արդեն առավոտյան իրենք արդեն առաջարկը հետ են կանչել»,- նշել էր Պետրոսյանը՝ ավելացնելով, որ տրանսֆերի չեղարկումն իր համար հոգեբանական մեծ հարված է եղել։ Ի դեպ, հենց 1996-ին էր, որ Արսեն Վենգերը ստանձնեց «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնը։

2016-ի նոյեմբերին Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Արթուր Պետրոսյանին որպես հավաքականի գլխավոր մարզիչ ներկայացնելիս նույնպես անդրադարձել էր Պետրոսյանի՝ Լոնդոն չստացված տեղափոխությանը։ Նա դրանում մեղադրել էր ֆեդերացիայի նախկին նախագահ Արմեն Սարգսյանին։ Հայրապետյանն ասել էիր, որ ձեռքում ունի «Արսենալի» և ֆեդերացիայի նամակագրությունը, ըստ որի՝ Պետրոսյանի տեղափոխմանը խոչընդոտել է ֆեդերացիան՝ լոնդոնյան ակումբից աստղաբաշխական գումարներ պահանջելով։

«Բոլորդ գիտեք՝ Արթուրը գնացել էր «Արսենալ» փորձաշրջան անցնելու, փորձաշրջանն անցել էր հաջող ու ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավարները, իրենց իրավունք վերապահելով, աստղաբաշխական գումարներ էին պահանջել «Արսենալ» ակումբից, այն դեպքում, երբ մարզիչ Վենգերն արդեն տեղափոխության համաձայնությունը տվել էր։ Մեծ գումարներ էին պահանջել, ու գործարքն այդպես էլ չի կայացել»,- հայտարարել էր Ռուբեն Հայրապետյանը։

Ավելի ուշ այդ թեմայի վերաբերյալ խոսել էր «Շիրակ» ակումբի նախկին նախագահ Գառնիկ Խաչատրյանը։ Նա նույնպես մեղադրել էր ֆուտբոլի ֆեդերացիայի այն ժամանակվա ղեկավարությանը՝ հայտարարելով, թե ինքն ընդամենը 500 000 դոլար է պահանջել լոնդոնյան ակումբից, իսկ ֆեդերացիան շատ ավելի մեծ գին է փորձել սահմանել նրա տրանսֆերի համար։

«Արթուրն «Արսենալի» կազմում ընկերական հանդիպում անցկացրեց և լավ տպավորություն թողեց, սակայն Արմենակ Սարգսյանը և Պավել Խաչատրյանը մեզնից գաղտնի «Արսենալից» մի քանի միլիոն դոլար էին պահանջել, և լոնդոնյան ակումբը հրաժարվեց Արթուրին գնելու մտքից,- ասել էր «Շիրակ» ակումբի նախկին սեփականատերը։

«Շիրակից» հետո Պետրոսյանը տեղափոխվեց այլ թիմեր։ Նա խաղաց շվեյցարական առաջատար ակումբներում՝ «Յանգ բոյզում» և «Ցյուրիխում»։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել